Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են 32-ամյա կնոջ և նրա զուգընկերոջը Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Վոկլյուզ դեպարտամենտի Օրանժ քաղաքում, այն բանից հետո, երբ նրանց բնակարանում հայտնաբերվել են հինգ նորածինների մնացորդներ, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ գործակալության՝ զույգի բնակարանում տուփերի մեջ հայտնաբերվել են չորս նորածինների կմախքային մնացորդներ և հինգերորդի մարմինը։ Կինը ցուցմունք է տվել 15 տարեկանից փոքր անչափահասի սպանության գործով։ Նա ձերբակալվել է հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, որտեղ տեղափոխվել էր հուլիսի 26-ին առողջ երեխա ունենալուց հետո։
«Օրանժի (Վոկլյուզ) մի բնակարանում հինգ մահացած նորածինների մարմինների հայտնաբերումից հետո մայրը և նրա զուգընկերը չորեքշաբթի օրը ձերբակալվել են», — նշվում է հաղորդագրության մեջ։
Ի սկզբանե մնացորդները հայտնաբերել է կնոջ կենակիցը, որն անհանգստացած էր, որ շատ ուշ է իմացել կնոջ հղիության մասին։ Կարպանտրա քաղաքի դատախազության հաղորդագրության համաձայն՝ նա սկսել է ստուգել բնակարանը և հայտնաբերել է «ինչ-որ բան, որը, կարծես, մարդկային մնացորդներ է»։
Իրավապահ մարմինների աշխատակիցները կատարում են մնացորդների զննում։ Զույգի մյուս երկու երեխաները՝ ութ և ինը տարեկան, տեղափոխվել են հարազատների մոտ, իսկ հուլիսի 26-ին ծնված երեխան ժամանակավորապես հանձնվել է երեխաների պաշտպանության ծառայություններին։