«Սրբազան պայքար»-ի գործով մեղադրյալներ Վահագն Չախալյանի և Արթուր Սարգսյանի տնային կալանքը դատարանն այսօր՝ հուլիսի 30-ին, ևս մեկ ամսով երկարաձգեց։ Պաշտպանները պահանջում էին այն փոխարինել ավելի մեղմ խափանման միջոցով՝ հղում անելով նաև ՄԱԿ-ի մանդատակիրների կողմից ՀՀ կառավարությանը հասցեագրված հարցադրումներին, սակայն դատարանը միջնորդությունները մերժեց։
Հանրային մեղադրող Վահան Հարությունյանը միջնորդել էր Վահագն Չախալյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել, բայց թե որքան, թողել էր դատարանի հայեցողությանը։
Վահագն Չախալյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանն ասաց՝ իր պաշտպանյալը 1 տարի 1 ամիս է՝ կալանքի տակ է, որից 8 ամիսն անցկացրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, 5 ամիս էլ տնային կալանքի մեջ է։
«Այն բանի համար, որ 307 էջից բաղկացած շուրջ 15 000 տողերի մեջ ընդամենը 6 տողում 6 անգամ հոլովվել է Վահագն Չախալյանի ազգանունը»,- նշեց պաշտպան Խաչիկյանը՝ միջնորդելով պաշտպանյալի նկատմամբ կիրառել բացակայելու արգելք խափանման միջոցը։
Պաշտպան Տաթևիկ Սողոյանը Չախալյանի խափանման միջոցի քննարկման ժամանակ անդրադարձավ ՄԱԿ-ի մանդատակիրների` ՀՀ կառավարությանn ուղղված հարցադրումներին։
Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի մանդատակիրներին մտահոգել էր այն, որ ձեռնարկված միջոցներն, ըստ երևույթին, չեն համապատասխանում Հայաստանի՝ մարդու իրավունքների միջազգային իրավունքի շրջանակում ստանձնած պարտավորություններին։
- ՀՀ կառավարությանն ուղղված նամակում ասվում էր, որ գրավի կամ խափանման միջոցների հետ կապված սահմանափակումների (ինչպիսիք են տնային կալանքը, վարչական հսկողությունը, երկրից դուրս գալու արգելքը և երաշխավորությունը) ակնհայտ ոչ պատշաճ կիրառումը «Սրբազան պայքար» շարժման անդամների նկատմամբ՝ խաղաղ հավաքների, միավորման և արտահայտման ազատությունների, ինչպես նաև հանրային կյանքին մասնակցելու իրավունքի օրինական իրացման համար, նույնպես կարող է հակասել միջազգային իրավունքին։
Տաթևիկ Սողոյանն ասաց՝ խնդրել է հետազոտել գործի փաստական հանգամանքները և պարզել՝ մեղադրանքն ինչքանո՞վ է համապատասխանում միջազգայնորեն ընդունված՝ ահաբեկչության սահմանմանը։
«Իրենք ոչ թե հարցնում են՝ ինչո՞վ եք բացատրում այս մարդկանց ազատազրկումները, այլ՝ ի՞նչ ռեալ միջոցներ եք ձեռնարկում, որ նրանց իրավունքները վերականգնվեն։ Սա էական ազդակ պետք է լինի քաղաքական հետապնդում իրականացնող յուրաքանչյուր պաշտոնատար անձի հանդեպ։ Քանի շուտ է, ապօրինությունների շղթան պետք է ընդհատվի։
Երկրորդ կարծիք չի կարող լինել, որ այս մարդիկ արդարացվելու են, և սա ՀՀ արդարադատության պատմության մեջ հսկայագույն խարան է լինելու ոչ միայն մարդկանց ապօրինի ազատազրկելու համար, այլ՝ ուղղակի ծաղրելու ամբողջ միջազգային իրավունքը, ներառյալ՝ հակաահաբեկչական պայքարը»,- հայտնեց պաշտպան Սողոյանը։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ նշեց, որ ՀՀ կառավարության ներկայացրած դիրքորոշումը պարունակում է մանիպուլյատիվ և կեղծ պնդումներ։
Խուդոյանը հայտարարեց՝ դատարանի որոշումից կախված՝ պատասխան կուղարկեն ՄԱԿ-ին։
«Մի պարագայում պետք է նրանց ասենք, որ ձեր հարցադրումներից հետո դատարանը էականորեն մեղմել է կալանավորված անձանց խափանման միջոցները, երկրորդ տարբերակով ասելու ենք՝ չնայած այս դիրքորոշումները հասցվել են դատարանին, այնուամենայնիվ, հանրային մեղադրողները և նախագահող դատավորն ականջալուր չեն եղել այս մտահոգություններին»,- ասաց նա։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը դիրքորոշումը չփոխեց, նշեց, որ վարույթը գտնվում է հիմանական դատալսումների փուլում, հետազոտվել է գրավոր ապացույցների մի մասը, և իրավաչափության պայմանները չեն փոփոխվել։ Դատարանը նշեց, որ անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցերը չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Վահագն Չախալյանի տնային կալանքը երկարաձգվեց 1 ամսով։
Դատարանը քննեց նաև ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցը։
Թեև նրա պաշտպան Արամ Վարդևանյանը պնդեց՝ Արթուր Սարգսյանն այս ընթացքում դրսևորել է բացառապես պատշաճ վարքագիծ, ժողովուրդը նրան տվել է մանդատ, և Սարգսյանն 9-րդ գումարման ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունի, հանրային մեղադրող Վահան Հարությունյանը նշեց, որ Արթուր Սարգսյանը նոր կարգավիճակ չունի, քանի որ նա նաև 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր է։
Հանրային մեղադրողն ասաց՝ վարույթին խոչընդոտելու հիմքը դեռևս չի վերացել, թեև հնարավոր է՝ որոշակիորեն նվազել է, սակայն տնային կալանքի պահպանման անհրաժեշտություն կա։ Դատարանի որոշմամբ՝ Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց 1 ամսով։
Հաջորդիվ դատարանում շարունակեցին քննել գրավոր ապացույցները։
Հանրային մեղադրողը ներկայացրեց փորձագետի եզրակացությունը, ըստ որի՝ փորձաքննությանը ներկայացված ընդհանուր 2529 տարբեր տրամաչափի փամփուշտները պիտանի են կրակելու համար։ Դրանց մեծ մասը որսորդական փամփուշտներ են, իսկ 10-ը՝ մարտական ակոսափող զենքերի համար նախատեսված ռազմամթերք։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց՝ խուզարկությամբ հայտնաբերված փամփուշտները կապ չունեն գործի հետ, չեն հայտնաբերվել ո՛չ մեղադրյալների, ո՛չ մեղադրողների, ո՛չ պաշտպանների, ո՛չ էլ դատավորի տնից։
«Էս չապացույցի հետազոտման արդյունքում խլվեց մեկ ժամից ավել ժամանակ։ Պետությունն էլ վատնեց 7,5 մլն դրամ այս փորձաքննությունը պատվիրելու համար, որ ուղղակի ընթերցանությամբ զբաղվեն և տպավորություն ստեղծվի հանրության մոտ, թե այս գործի շրջանակներում քննարկվում են զենքերի անուններ»,- ասաց նա։
Նիստն ընդմիջվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter