9000 դիմում՝ կես տարում․ Հայաստանը խստացնում է միգրացիոն քաղաքականությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

9000 դիմում՝ կես տարում․ Հայաստանը խստացնում է միգրացիոն քաղաքականությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանում վերջին տարիներին զգալիորեն աճել է աշխատանքային միգրանտների հոսքը։ Եթե նախորդ տարիներին երկրից մեծ էր արտագաղթը, ապա այսօր արդեն պետությունը բախվում է ներգաղթի նոր իրողություններին։ Այդ փոփոխություններին համահունչ վերանայվում են նաև միգրացիոն քաղաքականությունն ու օրենսդրական կարգավորումները։

«Միգրանտը Հայաստանի Հանրապետությունում օրինական աշխատելու համար նախ պետք է ունենա աշխատանքային պայմանագիր, ինչպես նաև կացության կարգավիճակ»։

Իրինա Դավթյանի խոսքով՝ կացության կարգավիճակ ստանալու համար ոչ թե միգրանտն է դիմում միգրացիոն ծառայություն, այլ նրա գործատուն։

«Դիմելու համար գործում է https://workpermit.am/en/home թվային հարթակը, որի միջոցով գործատուն կցում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ հավանական աշխատողի անձնագիրը և պարտավորագիրը, որ պարտավորվում է տվյալ անձին ընդունել աշխատանքի ու նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, երբ նա ստանա կացության կարգավիճակ»։

Միաժամանակ պետական տարբեր մարմիններ ստուգում են ներկայացված հայտը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գնահատում է, թե տվյալ աշխատանքի համար կա՞ հայաստանյան աշխատուժ, իսկ Ազգային անվտանգության ծառայությունը և իրավապահ կառույցները ստուգում են անվտանգության ռիսկերը, ինչպես նաև միջազգային որոնողական բազաները։

Համակարգն աշխատում է ինքնաշխատ եղանակով։ Հայտը միաժամանակ տեսանելի է և՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, և՛ Ազգային անվտանգության ծառայությանը։ Եթե անվտանգության կամ իրավական խնդիրներ են հայտնաբերվում, կացության կարգավիճակի տրամադրումը մերժվում է։

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում աշխատանքի թույլտվության և կացության կարգավիճակի դիմումների թիվը եռապատկվել է։ Եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներկայացվել էր շուրջ 3000 դիմում, ապա այս տարի՝ արդեն շուրջ 9000։

Աշխատանքային միգրանտների հիմնական մասը Հայաստան է գալիս Վիետնամից, Չինաստանից, Հնդկաստանից և Իրանից։

«Եթե անցյալ տարի առաջին տեղում Հնդկաստանի և Իրանի քաղաքացիներն էին, ապա այս տարի գերակշռում են Վիետնամի և Չինաստանի քաղաքացիները»։

Դավթյանն ընդգծում է՝ իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ ոչ բոլոր գործատուներն են աշխատում օրինական դաշտում։

Առանց աշխատանքի թույլտվության կամ կացության կարգավիճակի աշխատող օտարերկրացիները համարվում են անօրինական կարգավիճակում գտնվող անձինք։ Եթե վիզայի կամ օրինական գտնվելու ժամկետն ավարտվել է, անձը նախ պետք է վճարի օրենքով նախատեսված վարչական տուգանքը՝ 50-100 հազար դրամ, ապա միայն կարող է օրինականացնել իր կարգավիճակը։

«Եթե անձն աշխատում է առանց աշխատանքի թույլտվության և կացության կարգավիճակի, ենթակա է արտաքսման, այսինքն՝ պետք է լքի երկիրը»։

Օրենսդրությամբ նախատեսված է արտաքսման հնարավորություն, սակայն այդ մեխանիզմներն ամբողջությամբ դեռ ներդրված չեն։ Իրինա Դավթյանը նկատում է՝ այժմ մշակվում են նոր կարգավորումներ, որոնք կսահմանեն արտաքսման ամբողջ ընթացակարգը։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում նշում են, որ արդեն ընդունվել են օրենսդրական մի շարք փոփոխություններ, իսկ նոյեմբերից ուժի մեջ կմտնեն նոր կարգավորումներ։ Դրանք նախատեսում են նաև աշխատանքային միգրանտների քվոտավորման մեխանիզմ, որով պետությունը յուրաքանչյուր տարի կսահմանի, թե որքան օտարերկրյա աշխատող կարող է ընդունել Հայաստանը։

Բացի այդ, հունվարից նախատեսվում է ներդնել նաև աշխատանքային վիզայի ինստիտուտը։

Աշխատանքային վիզայի ներդրմամբ պետությունը դեռ մինչև անձի Հայաստան ժամանելը կկարողանա գնահատել, թե ով է գալիս, ինչ նպատակով և արդյոք նպատակահարմար է նրա մուտքը։ Սա կբարձրացնի ինչպես միգրացիոն գործընթացների արդյունավետությունը, այնպես էլ անվտանգությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Leave a Comment