Գյումրու «Հաղթանակի» զբոսայգին 600 մետր երկարությամբ և 27,56 մետր լայնությամբ՝ ընդհանուր 16536 քմ մակերեսով կանաչ տարածք է, որի վերականգնման ու բարեկարգման վերաբերյալ բազմիցս է բարձրաձայնվել, սակայն քաղաքի այլ՝ առավել հրատապ պրոբլեմների լուծման ֆոնին այս հարցը մշտապես մղվել է հետին պլան: Այգին սկիզբ է առնում Տերյան փողոցից և հասնում Բագրատունյաց պուրակ: 1900-ականների սկզբներին այգու տեղը ձորակ է եղել, որը կոչել են «ուռումի յաբու», քանի որ մերձակա տարածքներում հույներ են ապրել, նաև՝ եզդիներ:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946-47թթ.-ին, որոշվել է տարածքը փակել և այգի հիմնել՝ Հայրենական պատերազմում զոհված լենինականցիների հիշատակին: Որքան որ զոհ է ունեցել քաղաքը, այդ քանակության էլ ծառ է տնկվել: Ըստ պաշտոնական տվյալների և Գյումրու վետերանների միության ստեղծած «Մատյան անմահության» գրքում առկա արձանագրության, 1941-1945թթ.-ին պատերազմում զոհվել է 13074 լենինականցի: Ասում են, որ այգում ծառերը տնկել են անվանական՝ զոհվածների անուններով:
Նորաստեղծ այգին կոչվել է «Հաղթանակի», սակայն Լենինականում ընդունված է եղել և մինչև հիմա էլ գործածվում է այգու անվան ռուսական տարբերակը, բայց ոչ թե «Պոբեդա», այլ՝ «Պաբեդայի սադ» ձևով: Ներկայում էլ տեղացիների խոսակցականում կարելի է լսել՝ «արի Պաբեդայի սադ», «Պաբեդայի սադի քովը քեզի կսպասեմ», «Պաբեդայի սադի կռուգը կդառնաս» և այլ նմանատիպ արտահայտություններ: Խորհրդային տարիներին այստեղ երբեմն-երբեմն, ամռան վերջին ու աշնան սկզբին կազմակերպվել են Լենինականում գործող տեքստիլ և արդյունաբերական գործարանների արտադրանքի տոնավաճառներ: Այգու՝ հատկապես շուկային մոտ հատվածը գյուղերից եկածների հանգստանալու վայրն էր: Այստեղ պաղպաղակ էին ուտում, գնումները դասավորում և ժամանակ կարճում, եթե ցանկություն չկար տրանսպորտին սպասելու ավտոկայանում:
1988թ.-ի երկրաշարժից հետո «Հաղթանակի» այգին վանդալիզմի չենթարկվեց, ծառահատումներ եղան, սակայն մասնակի: Քաղաքի բնակիչները չէին մոռացել, որ այդ ծառերը պատերազմում զոհված իրենց հայրենակիցների կյանքի շարունակության խորհրդանիշն են և հիմա էլ այգում կարելի է հանդիպել հաստաբուն հսկաների, որոնց տարիքն անցնում է կես դարը: 2012-2016թթ.-ին այգում եղել է ծառատունկ, նոր նստարաններ են տեղադրվել, սակայն գրեթե 10 տարի է՝ նորոգման կամ վերականգնման ոչ մի աշխատանք չի տարվել, հատկապես այգու 2-րդ և 3-րդ հատվածներում:
2026թ.-ի Գյումրու Մասնակցային բյուջետավորման ծրագրով տարեսկզբին քվեարկության առաջադրված երեք ծրագրերից հաղթել էր «Հաղթանակի» զբոսայգու զարգացման և համալիր բարեկարգման ծրագիրը (հեղինակ՝ Անահիտ Ղազարյան, «Հայաքվե խումբ»): Անցած տարի Մասնակցային բյուջետավորման ծրագրի համար Գյումրուն կառավարությունը հատկացրել էր 90 մլն դրամ: Ծրագիրը տապալվելուց հետո կար մտավախություն, որ համայնքը կզրկվի մասնակցության հնարավորությունից, սակայն ՏԿԵ նախարարությունում որոշել էին Գյումրուն դարձյալ հատկացում անել՝ այս անգամ 86 մլն դրամի չափով:
Ծրագիրը, որի օգտին քվեարկել են գյումրեցիները, ըստ ներկայացված բովանդակության, վերաբերելի է այգու ողջ տարածքին: Առաջարկի նպատակը Գյումրու «Հաղթանակի» զբոսայգու զարգացումն ու արդիականացումն է՝ այն վերածել բազմաֆունկցիոնալ, անվտանգ և հարմարավետ հանրային տարածքի՝ ներառելով ենթակառուցվածքների բարելավում, կանաչապատում, ժամանցային և ակտիվ հանգստի գոտիների ստեղծում։
Մասնակցային բյուջետավորում ծրագիրը պահանջում է նաև ծախսային հաշվարկի մոտավոր ներկայացում: Հաղթող ծրագրում նմանատիպ հաշվարկները բացակայում են, հեղինակներն առաջարկն արել են՝ հետագա գործողություններն ու քայլերի պլանավորումը թողնելով քաղաքապետարանին:
Այս ծրագրով պետություն-համայնք գումարային ներդրումը 80/20 հարաբերակցությամբ է: 86 մլն դրամից Կառավարության մասնաբաժինը կազմում է 68 մլն 800 հազար դրամ, իսկ համայնքինը՝ 17 մլն 200 հազար դրամ: Քանի որ առաջարկի հեղինակները չէին հաշվարկել տարածքով հոսող ստորգետնյա ջրերի պրոբլեմն ու դրա լուծման շինարարական ուղիները, քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնում կատարած հաշվարկներից ու նախագծային աշխատանքներից հետո ծրագրի արժեքը կրկնակի աճել է: Գյումրու ավագանին համայնքային միջոցներից ծրագրի համար հաստատել է 103 մլն դրամի ներդրում, Կառավարության մասնաբաժինը կազմել է 69 մլն դրամ (այսինքն՝ ծրագիրը 86 մլն դրամից դարձել է 172 մլն դրամ), իսկ շինարարական մրցույթ հայտարարվել է 179 մլն դրամի շրջանակում:
Նշված գումարը բավարարելու է այգու միայն մեկ հատվածի բարեկարգմանը՝ կատարվելու է ստորգետնյա ջրատարի մաքրում, կանաչ տարածքների բարեկարգում, նոր նստարանների տեղադրում, առկա ջրավազանի վերականգնում՝ ևս երկուսի ավելացում, երեխաների համար խաղային տարածքի ձևավորում և այլն: Թե որ աշխատանքի համար որքան գումար է նախատեսված ծրագրով՝ հրապարակված չէ, չկա հետազոտություն այգում առկա ծառատեսակների վերաբերյալ և հայտնի չէ, թե հին, վնասված ծառերը հատումից հետո նորերով փոխարինվելո՞ւ են, թե ոչ: Ամեն դեպքում, քաղաքային իշխանությունները հույս ունեն, որ շինարարական մրցույթի մասնակից կունենան և նախորդ տարվա տապալած ծրագրի պատմությունը չի կրկնվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter