ԳԴ-ն ընթացք է տվել Դրմեյանի մասին Փաշինյանի հաղորդմանը – armeniatoday.am

Հայաստանի Գլխավոր դատախազությունը ստուգում է սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի հնարավոր հանցագործության վերաբերյալ հայտարարությունից հետո, Armenia Today-ին հայտնել են ԳԴ-ից։

Պետական պաշտոնից հեռանալուց հետո Դրմեյանը միացել էր ընդդիմադիր «Միասնության թևեր» կուսակցությանը և 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում այդ կուսակցության ցուցակով առաջադրվել էր Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու։

Ստուգում սկսելու մասին հայտնի դարձավ վարչապետի հրապարակային հայտարարությունից մի քանի ժամ անց։ Հուլիսի 30-ին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում Փաշինյանը իրավապահ մարմիններին և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կոչ էր արել ստուգել Դրմեյանի գործունեությունը, բանկային հաշիվներն ու ունեցվածքը, պնդելով որ նա «սպասարկել է մասնավոր ընկերության շահերը»։

Վարչապետը Դրմեյանին մեղադրել է կառավարությունից լրատվական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներին տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև Կառավարության դիրքորոշմանն ու վարչապետի հանձնարարականներին հակասող փաստաթղթեր մշակելու մեջ։

Նա նաև պահանջել է իրավապահ մարմիններից և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հայտնել՝ արդյոք նախկինում իրականացվել է Դրմեյանի գործունեության որևէ ստուգում։

«Կարծում եմ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ, իրավապահ մարմիններն էլ պետք է քննարկեն՝ ո՞նց կարող է պարզվել, որ այս շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ է աշխատել»,- հայտարարել է Փաշինյանը՝ հորդորելով (փաստացի հանձնարարելով) իրավապահներին ստուգել «տրոյական ձիու» գործունեությունը։

Փաշինյանի հայտարարությունը հնչել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության շուրջ արբիտրաժային վեճի համատեքստում։ Գործի քննությունը գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքը նախաձեռնել էր Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում՝ 1995 թվականի հունվարի 18-ին Հայաստանի և Կիպրոսի միջև կնքված ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրի հիման վրա։

Արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրը 2025 թվականի հուլիսի 22-ին պարտավորեցրել էր Հայաստանին ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի նկատմամբ «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթների կիրառումից, ինչպես նաև ընկերության բռնագանձման հետագա քայլերից։

Այդ ժամանակ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարել էր, որ հրատապ արբիտրի որոշումները պարտադիր կատարման ենթակա են։ Փաշինյանը, հակառակը, հայտնել էր, որ Կառավարությունը չի պատրաստվում կատարել ՀԷՑ-ի նկատմամբ իշխանությունների գործողությունները սահմանափակող որոշումը, և հայտարարել էր, որ այլ դիրքորոշում ունեցող պաշտոնյաները պետք է լքեն գործադիր իշխանությունը։

Դրմեյանը վարչապետի որոշմամբ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից ազատվել էր 2025 թվականի օգոստոսի 29-ին։

Leave a Comment