Երևանի Աբովյան փողոցում այսօր առավոտից իրականացվում են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ։ Քաղաքապետարանից պարզաբանել են, որ դրանք կառուցվել են նախկին ապաստարանի վրա։
Panorama.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանն ասել է, որ աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետի համապատասխան որոշման հիման վրա։
«Տարածքի ստորգետնյա հատվածում նախկինում ապաստարան է եղել, որը հետագայում տնտեսվարողների կողմից զավթվել է, և դրա վրա կառուցվել են ապօրինի շինություններ։ Այս հատվածից մինչև դալանի մոտ գտնվող բոլոր շինությունները անօրինական են»,- նշել է Բաբայանը։
Նրա խոսքով՝ տարածքի վարձակալության իրավունքը դեռևս գործում է, սակայն նախատեսվում է լուծարել նաև համապատասխան պայմանագիրը։ Բաբայանը հավելել է, որ սեփականատերը նախորդ օրը զգուշացվել է քանդման աշխատանքների մասին, իսկ ծանուցումը հրապարակվել է նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։
Նա նշել է, որ տնտեսվարողներին նախապես զգուշացնում են, որպեսզի նրանք հասցնեն իրենց գույքը տեղափոխել և վնասներից խուսափեն։
Անդրադառնալով հարցին, թե ինչու նման աշխատանքների մասին ավելի վաղ չեն տեղեկացնում, Բաբայանը պարզաբանել է, որ նախնական տեղեկացումը կարող է խոչընդոտել գործընթացին, քանի որ տնտեսվարողները հաճախ դիմում են վարչական դատարան, ինչը կարող է ժամանակավորապես կասեցնել քանդման աշխատանքները։