ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկաթուղին մեր սեփականությունն է, մեր տունն ենք նորոգում. Փաշինյան

Հայաստանը երկաթուղու վերականգնման համար որևէ մեկի առաջ արդարանալու անհրաժեշտություն չունի։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ցանկացած օրինական գործիք կարող ենք կիրառել, բայց մեր նպատակը ոչ միայն օրինական, այլև բարեկամական և համբերատար գործելն է։ Մենք շարունակելու ենք խոսակցությունը, չենք փակվելու»,- ասել է վարչապետը։

Անդրադառնալով երկաթուղու վերականգնման իրավական հիմքերին՝ Փաշինյանը նշել է, որ դրանց ձևակերպումն իրավաբանների խնդիրն է։

«Դա մեր սեփականությունն է, մենք մեր սեփականությունը վերականգնում և վերանորոգում ենք։ Մեր տունն ենք նորոգում․ ո՞ւմ պետք է արդարանանք դրա համար»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը նաև արբիտրաժ դիմելու անհրաժեշտություն չունի, քանի որ հարցը լուծելու համար ունի անհրաժեշտ բոլոր գործիքները։

«Ինչո՞ւ պետք է մենք դիմենք արբիտրաժ, եթե որոշում կայացնելու գործիք ունենք։ Եթե որևէ մեկը համաձայն չէ, ինքը պետք է դիմի արբիտրաժ։ Մենք արբիտրաժ դիմելու որևէ անհրաժեշտություն չունենք»,- ընդգծել է վարչապետը։

Նա հավելել է, որ կառավարության որոշման իրավական հիմքերը ներկայացված են համապատասխան նախագծում։

Leave a Comment