Հայաստանի կառավարությունը որոշել է օգոստոսին շարունակել ջերմատնային արտադրանք արտահանող ընկերությունների համար նախատեսված փոխհատուցման ծրագիրը։ Փոխհատուցումների համար նախատեսվում է հատկացնել շուրջ 1,71 մլրդ դրամ։ Որոշումն ընդունվել է կառավարության հուլիսի 30-ի նիստում։
Փոխհատուցման չափը կկազմի՝ ելակի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 770 դրամ, լոլիկի՝ 275 դրամ, չերի տեսակի լոլիկի և սովորական պղպեղի՝ 400 դրամ, «Պալերմո» տեսակի պղպեղի՝ 500 դրամ, իսկ սմբուկի՝ 200 դրամ։
Արտահանված յուրաքանչյուր ծաղկի համար ընկերություններին կտրամադրվի 37 դրամ փոխհատուցում։ ԵՄ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կամ Շվեյցարիա մատակարարումների դեպքում փոխհատուցումը կկազմի 50 դրամ՝ յուրաքանչյուր հատի համար։
Կառավարությունը արտահանողների առաջարկով փոխհատուցվող ապրանքների ցանկում ներառել է «Պալերմո» տեսակի պղպեղն ու սմբուկը։ Որոշումը պայմանավորված է արտահանման շուկաներում հայկական արտադրանքի մրցունակությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ։
Կառավարության կանխատեսմամբ՝ օգոստոսին ծրագրի շրջանակում կարտահանվի շուրջ 150 տոննա ելակ, 4100 տոննա բանջարեղեն և 5,2 մլն հատ ծաղիկ։
Հունիսի 1-ից մինչև հուլիսի 23-ը Հայաստանը արտահանել է շուրջ 1526 տոննա պղպեղ, 770 տոննա լոլիկ, 213,4 տոննա ելակ, ինչպես նաև 5,8 մլն հատ ծաղիկ։ Ծաղիկներն արտահանվել են 26 երկիր, մրգերը՝ 19, իսկ բանջարեղենը՝ 8 երկիր։
Մեկ այլ որոշմամբ Հայաստանի կառավարությունը օգոստոսին երկարաձգել է նաև մրգեր, սննդամթերք և խմիչքներ արտահանող տնտեսավարողների փոխհատուցման ծրագիրը։ Փոխհատուցումների համար նախատեսվում է շուրջ 3,036 մլրդ դրամ։
Փոխհատուցվող ապրանքների ցանկը լրացվել է խնձորով, տանձով, խաղողով, թզով, ազնվամորիով, մոշով, հոնով և տոմատի մածուկով։ Չորացրած մրգերի և բանջարեղենի արտահանման համար նախատեսված փոխհատուցման չափը կրկնապատկվել է՝ մեկ կիլոգրամի համար 250 դրամից դառնալով 500 դրամ։
Արտահանողները կստանան՝ խնձորի, տանձի և խաղողի յուրաքանչյուր կիլոգրամի համար 150 դրամ, սալորի, դեղձի, նեկտարինի, թզի, ազնվամորու, մոշի և հոնի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 200 դրամ, իսկ կեռասի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 300 դրամ փոխհատուցում։ Կեռասի արտահանման դեպքում փոխհատուցումը կգործի մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։
Շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր լիտրի համար նախատեսվում է 350 դրամ փոխհատուցում, պտղահատապտղային գինու համար՝ 200 դրամ, իսկ հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի համար՝ 830 դրամ՝ մեկ բացարձակ լիտրի հաշվով։
Հանքային ջրի արտահանման դեպքում փոխհատուցումը կկազմի 75 դրամ յուրաքանչյուր լիտրի համար, իսկ ԵՄ երկրներ, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, ԱՄՆ, Կանադա և Պարսից ծոցի երկրներ արտահանման դեպքում՝ 150 դրամ։
Իշխան տեսակի ձկան յուրաքանչյուր կիլոգրամի համար ընկերությունները կստանան 820 դրամ, իսկ թառափ տեսակի ձկան համար՝ 1350 դրամ փոխհատուցում։
ԵՄ երկրներ, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, ԱՄՆ կամ Կանադա արտահանվող տոմատի մածուկի յուրաքանչյուր կիլոգրամի համար նախատեսվում է 150 դրամ փոխհատուցում։
Կառավարության կանխատեսմամբ՝ օգոստոսին արտահանողները նախատեսում են արտահանել շուրջ 8150 տոննա միրգ և հատապտուղ, 30 տոննա տոմատի մածուկ, 1,4 մլն լիտր հանքային ջուր, 460 հազար լիտր խաղողի և պտղահատապտղային գինի, 1,2 մլն բացարձակ լիտր բրենդի կամ կոնյակ, 50 տոննա չորացրած միրգ և բանջարեղեն, ինչպես նաև 140 տոննա ձուկ։
Մայիսի վերջից և հունիսի սկզբից «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։
Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։
