
Լիբանանի գլխավոր դատախազ Ահմեդ Ռամի Ալ Հաջը կարգադրել է 30-օրյա հետախուզում հայտարարել լիբանանցի բանկիր Անտուան Սահնավիի նկատմամբ՝ Իսրայելի հետ համագործակցության և նրան բոյկոտելու մասին օրենքը խախտելու մեղադրանքով, հաղորդում է NNA-ը:
Դատախազի հայտարարության համաձայն՝ տեղեկատվության տեխնիկական բյուրոյի կողմից իրականացված վերլուծությունը հաստատել է, որ սոցիալական ցանցերում տարածված այն լուսանկարը, որտեղ Սահնավին նույն սեղանի շուրջ է գտնվում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, իսկական է և չի ենթարկվել թվային խմբագրման կամ արհեստական բանականության միջոցով որևէ փոփոխության։
Ավելի վաղ լիբանանցի 20 փաստաբաններից բաղկացած խումբը միջնորդություն էր ներկայացրել գլխավոր դատախազություն՝ պահանջելով հետաքննություն սկսել Սահնավիի և Նեթանյահուի Վաշինգթոնում կայացած հանդիպման վերաբերյալ։ Բանկիրը մեղադրվում է Իսրայելի հետ համագործակցության, դավաճանության և պետական անվտանգության դեմ հանցագործություններ կատարելու մեջ։ Լիբանանի օրենքների համաձայն՝ 30 օրվա ժամկետի ավարտից հետո նյութերը կարող են փոխանցվել ռազմական դատարան՝ կալանքի օրդեր տրամադրելու հարցը քննարկելու համար։
Լիբանանում 1955 թվականին ընդունվել է Իսրայելի բոյկոտի մասին օրենք, որն արգելում է ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով, համաձայնագրեր կնքել և իրականացնել ցանկացած առևտրային, ֆինանսական կամ այլ գործարքներ Իսրայելի քաղաքացիների, ընկերությունների և հաստատությունների հետ։ Օրենքի խախտման համար կարող է սպառնալ մինչև տասը տարվա ազատազրկում։