Ժամանակները փոխվել են։ Եթե, օրինակ, 2010-ականներին Երեւանից բնապահպան ակտիվիստները մարզեր էին գնում, պայքարում համայնքների բնակիչների իրավունքների համար, այսօր հենց այդ համայնքներում են ձեւավորվել բնապահպան ակտիվիստների խմբեր։
«Երբ ասում են՝ բա ո՞ւր են ակտիվիստները, այդ կեղծ նարատիվն ունենք այսօր։ Ակտիվիստը ցանկացած մարդ է, որն իր համայնքում մտահոգ է իր խնդիրներով»,- ասում է «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման համահիմնադիր, ռազմավարական հաղորդակցության եւ քաղաքացիական հասարակության զարգացման փորձագետ Հայկ Աբրահամյանը։
Ինչպե՞ս են վերջին տարիներին Հայաստանում զարգացել համայնքային բնապահպանական շարժումները, ինչպիսի՞ ազդեցություն են ունեցել քաղաքացիական նախաձեռնությունները, ինչպե՞ս են հանրային մասնակցության դեմ ռազմավարական դատական հայցերը (SLAPP) ազդում ակտիվիստների, լրագրողների աշխատանքի ու հանրային մասնակցության վրա։ Այս եւ այլ հարցեր էին քննարկվում հունիսի 28-ին «Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թ․» համաժողովի ժամանակ։
Բանախոսներից Հայկ Աբրահամյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ Հայաստանում թյուր ընկալում կա, թե բնապահպանական ակտիվիզմը մարել է։ Ըստ նրա՝ վերջին 2 տարվա ընթացքում հանրային մոբիլիզացիայի 56 դեպք են արձանագրել, ինչը ենթադրում է, որ քաղաքացիները համախմբվել են, ստորագրահավաքներ են արել հանրային լսումների առթիվ, բողոքել են, տապալել են լսումներ։
«Ցավոք սրտի, ակտիվիզմի մասին մեր պատկերացումները մնացել են 2010-ականների մեջ։ Երեւանից մի խումբ ակտիվիստներ գնում, պայքարում էին ջրվեժի կամ անտառի համար, ինչը ֆանտաստիկ հետք է թողել մեր շարժման զարգացման մեջ, բայց պետք է հասկանանք, որ այս պահին ակտիվիստն, օրինակ, Հայկ Իսախանյանն է, որը ֆերմեր է եւ իր համայնքում իր նման մարդկանց հետ շարունակաբար բարձրաձայնում է հանքարդյունաբերության հավանական ռիսկերը գյուղատնտեսության նկատմամբ: Այսինքն՝ ակտիվիզմը փոխվում է, եւ այս համաժողովը պետք է ցույց տա, որ հիմա այն համայնքներում է, եւ ակտիվիզմը ոչ միայն չի մարել, այլեւ էկոակտիվիզմը նոր թափ է ստանում, ու կարեւոր է, որ այս մարդիկ շարունակական աջակցություն եւ ուշադրություն ստանան»,- նշում է Հայկ Աբրահամյանը։
Հարցին, թե համայնքի բնակիչներն իրենց պայքարի ընթացքում ինչ խնդիրներ են ունենում, արդյոք տեղական ինքնակառավարման մարմինները ճնշում են, ինչպիսին է այդ պայքարող մարդկանց խոցելիությունը, «Հետքի» զրուցակիցը պատասխանում է մի քանի օրինակով։
Նշում է՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի համաձայն՝ հանքավայրի ուսումնասիրություն կամ շահագործում սկսելուց առաջ հանրային լսում է կազմակերպվում, եւ հանքարդյունաբերողը ներկայացնում է իր նախագիծը։ Սակայն խնդիրն այն է, որ լսումների մասին քաղաքացիները պատշաճ իրազեկված չեն լինում։ Կամ կարող է մասնակցեն լսմանը, բայց նրանց ձայն չտան, անտեսեն, ճնշումներ գործադրեն։ Ոմանց դեպքում ազդեցության մեխանիզմ են ընտրում խոստումներն ու նվիրատվությունները։ Մյուս կողմից՝ ըստ Հայկ Աբրահամյանի, խոցելի են ՏԻՄ-ն ու դրա ավագանին, քանի որ ներդրողը միշտ ազդեցության լծակներ ունի ավագանու վրա։ Ըստ Աբրահամյանի՝ բազմաթիվ դեպքեր կան, երբ ավագանին մինչեւ հանրային լսումը ոչ ֆորմալ առումով արդեն տվել է իր համաձայնությունը՝ խոստանալով կողմ քվեարկել հանքարդյունաբերողի ծրագրին։
Երկրորդ խնդիրը, ըստ «Հետքի» զրուցակցի, այն է, որ Հայաստանի շատ համայնքներում գործազրկություն եւ աղքատություն կա։ «Երբ մի ներդրումային ծրագիր է գալիս, որը, կարծես թե, պետք է օգնի ինչ-որ ձեւով լուծել այդ խնդիրը, մարդիկ հայտնվում են շատ խոցելի վիճակում։ Դժվար է ներկայացնել, թե երկարաժամկետ առումով որքան են իրենց ու իրենց երեխաների առողջությունը, իրենց գյուղմթերքը վնասվելու այդ գործունեության արդյունքում։ Հաճախ մարդիկ ցավով կողմ են լինում այսպիսի վնասարար նախագծերին, որ սովից չմեռնեն: Սա մեր տխուր իրականությունն է, որին պետք է առնչվենք։ Դրա համար շատ կարեւոր է, որ երբ գնում ենք համայնքներ, չենք ասում՝ հանքին դեմ ենք, ասում ենք՝ եկեք հասկանանք, թե էս համայնքն ինչ զարգացման պոտենցիալ եւ կայուն զարգացման հեռանկար ունի»,- մանրամասնում է «Կանաչ խորհուրդների դաշնություն» շարժման համահիմնադիրը։
Աբրահամյանի կարծիքով՝ այսօր Հայաստանում էկոակտիվիզմին առնչվող ամենահրատապ խնդիրը ակտիվիստների դեմ դատական հայցերն են, որոնցում պահանջներն ուռճացված են, դրանք կոչվում են հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցեր: «Այս հայցերը ներկայացնում են ներդրում անող մասնավոր ընկերությունները՝ ակտիվիստներին ճնշելու համար, այսինքն՝ դատի են տալիս՝ ոչ թե արդարությունը վերականգնելու համար, այլ որպեսզի ակտիվիստը հայտնվի դատական քաշքշուկի մեջ, գումար, ժամանակ, էներգիա ծախսի: Դրանով նաեւ ուղերձ են հղում մյուսներին՝ տեսեք, դուք էլ նույն օրը կընկնեք, եթե մի բան էն չասեք»,- նկատում է մեր զրուցակիցը։
Էկոակտիվիստական շարժման համահիմնադրի փոխանցմամբ՝ իրենց համար հրատապ առանջնահերթություն է, որ Հայաստանն ընդունի հակա-SLAPP օրենսդրություն, որով երաշխիքներ կտան իրավապաշտպաններին, ակտիվիստներին, լրագրողներին, որ նրանց դեմ նման դատական հայցեր չներկայացվեն, այսինքն՝ նման օրենսդրությունը, մեծ հաշվով, դատարաններին ստիպելու է ավելի արագ որոշումներ կայացնել։
«SLAPP գործընթացները դամոկլյան սրի պես կախված են տեղական մասնակցության վրա։ Համայնքի բնակիչները շատ դեպքերում մտավախություն են ունենում բարձրաձայնել իրենց կարծիքը, որովհետեւ մտածում են, որ կարող է ինչ-որ խոսք ասեն եւ իրենց դեմ հայց ստանան դրա պատճառով»,- ասում է «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, որը նաեւ «Կանաչ խորհուրդների դաշնության» համահիմնադիր է։ Համաժողովը կազմակերպվել էր Դուլգարյանի ղեկավարած ՀԿ-ի նախաձեռնությամբ։
Վերջինիս խոսքով՝ Հայաստանում կան բազմաթիվ բնապահպանական խնդիրներ, ինչպես նաեւ համայնքային պայքարի դրսեւորումներ, որոնք անտեսանելի են մնում։ Որպես օրինակ նշում է Լոռու մարզի Արմանիսի հանքի ընդլայնման դեմ կազմակերպված ստորագրահավաքն ու պայքարը, որի մասին, ըստ նրա, լայն հանրությունը տեղեկացված չէ։
«Մենք հասկացել ենք, որ բազմաթիվ բնապահապանական շարժումներ, խնդիրներ նախեւառաջ անտեսանելի են: Դրանք պետք է հանրայնացնենք, որպեսզի հանրապետությունում տեսնեն, որ կան բազմաթիվ մարդիկ, որոնք իրենց համայնքներում ամենօրյա ռեժիմով պայքարում են, եւ այդ մարդկանց հասանելիություն ունենան քաղհասարակության այլ կազմակերպություններ ու ծրագրեր, որոնք կնպաստեն համայնքներում այլընտրանքային զարգացման մեխանիզմների ներդրմանը»,- նշում է Դուլգարյանը։
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ համաժողովի նպատակն է նաեւ ցույց տալ, որ Հայաստանում էկոակտիվիստական շարժումը որոշակիորեն ընդգծված է, քանի որ մարդիկ Կապանից մինչեւ Լոռի հասկացել են, որ նույն խնդիրներն ունեն եւ պետք է համատեղ ուժերով հանդես գան, փորձեն օրակարգ թելադրել՝ ազգային մակարդակում որոշակի հաջողությունների հասնելու համար։
Ըստ Դուլգարյանի՝ առաջին խնդրահարույց իրավիճակն այն է, երբ համայնքներում բնակիչներն այլ կարծիք ու տեսլական ունեն ինչ-որ նախագծի վերաբերյալ, բայց տեղական իշխանությունը բնակիչներին հակադիր որոշում է կայացնում, ինչը չի բխում նրանց շահերից։
Օլեգ Դուլգարյանը եւս պատմում է, որ եղել են դեպքեր, երբ համայնքի ղեկավարությունը նախապես պայմանավորվել է հանքարդյունաբերող ընկերության հետ, վերջինս իբրեւ ներդրում փոխանցումներ են կատարել համայնքին, եւ հանրային լսումներից առաջ ոչ ֆորմալ առումով դրական որոշումն արդեն կայացված է եղել։ Էկոակտիվիստական շարժման համահիմնադիրն ասում է, որ բնակիչը պետք է ուժեղ լինի տեղում՝ իր համայնքում, եւ համայնքը պիտի համախմբված լինի։ Դրա համար անհրաժեշտ է իրազեկել մարդկանց, որ բնակիչներն ունակ լինեն ձայն բարձրացնել եւ գործողություն կատարել։
«Բնակիչը տեղում պետք է հզորանա, որպեսզի կարողանա պաշտպանել թե՛ իր, թե՛ համայնքի մյուս բնակիչների իրավունքները, որովհետեւ երբեմն տեսնում ենք, որ համայնքի տեղական մակարդակում կարող են հավաքվել քրեական տարրեր կամ հանքարդյունաբերական ընկերության կողմնակիցներ, տեսել ենք, որ ոստիկաններն են խոչընդոտում բնակիչների մասնակցությունը, բայց երբ համայնքը ուժեղ է, տեղում է եւ գիտի, որ մենակ չէ, իր կողքին կանգնած են գաղափարակիցներ, կարողանում է դիմակայել այդ դժվարություններին»,- ասում է «Կանաչ խորհուրդների դաշնության» համահիմնադիրը։
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թ․» համաժողովի ընթացքում տեղի ունեցավ «Էկոակտիվիզմ 2025» մրցանակաբաշխությունը։ Համայնքի եւ բնության պաշտպանի կոչման արժանացան Սյունիքի, Արարատի ու Վայոց Ձորի ներկայացուցիչները։
Սյունիքից՝ Շավարշ Մարգարյանը՝ Քաջարանում աշխատավորների իրավունքները պաշտպանելու, նրանց խնդիրները բարձրաձայնելու համառ պայքարի եւ հետեւողականության համար, Արարատից՝ Արփինե Խաչատրյանը՝ Արարատի մարզում Կարմիր սարի էկոհամակարգի, կենսաբազմազանության եւ լանդշաֆտների պաշտպանության հետեւողական պայքարի համար, Վայոց Ձորից՝ Հայկ Իսախանյանը՝ իր մարզում գյուղական տարածքների էկոհամակարգը պահպանելու ուղղությամբ իրականացրած անզիջում պայքարի համար։
«Իմ Հայաստան աշխարհի հողն ու ջուր շատ եմ սիրում։ Ուզում եմ, որ իմ թոռներին ու սերունդներին հանձնեմ այնպես, ինչպես ժառանգել եմ իմ պապերից։ Վերջերս 6-րդ դասարանում սովորող թոռնուհիս հարցրեց՝ պապիկ, ի՞նչ է հայրենիքը։ Ասացի՝ դու՛ պատասխանիր, տեսնեմ, թե ինչպես ես տեսնում։ Ասաց՝ հայրենիքը հողն է, ավելացրեցի՝ հողն է, էդ հողի վրա կառուցված մեր տունն է, տան մեջ ունեցած մեր երեխաները, բակում տնկած մեր ծառերն են, եւ էդ հողի մեջ թաղված մեր ծնողների մասունքները։ Դա է իմ հայրենիքը»,- «Հետքի» հետ զրույցում ասում է Հայկ Իսախանյանը։
Նա շուրջ 30 տարի ղեկավարել է Եղեգնաձորի տրիկոտաժի գործարանը։ Վերջին տարիներին զբաղվում է տակառագործությամբ՝ գինու եւ կոնյակի տակառներ է պատրաստում։ Դա պայմանավորված է մարզում գինեգործության զարգացմամբ։ Նկատում է, որ վերջին 15–20 տարիներին Հայաստանում ճիշտ տնտեսական քաղաքականություն չի վարվում։ Ըստ Իսախանյանի՝ ընդհանրապես, հանքարդյունքաբերությունը զարգացնում են հետամնաց երկրներում, եւ չի ուզում ինքն իրեն համոզել, որ Հայաստանն էլ հետամնաց երկիր է։
«Մեր տղաներից մեկը Գերմանիայով անցնելիս տեսել էր, որ գրված է՝ այս սարերի տակ ոսկի կա, բայց մեր առողջությունը ոսկուց թանկ է։ Ի՞նչ եմ ուզում ասել՝ Վայոց Ձորը փոքր է, Արենիից մինչեւ թուրքի սահման մի քանի կմ է։ Մենք ունենք բոլոր կլիմայական գոտիները, պատմական հուշարձաններ, 30 տարում զարգացել է տուրիզմը, հյուրանոցային բիզնեսը, այգեգործությունը, այս ամբողջի վրա խաչ քաշելը ճիշտ չի լինի։ Հանքերը պետք է սառեցվեն, մինչեւ մեր սերունդներն ունենան այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք վնաս չեն տա։ Օրինակ՝ եթե Ամուլսարն այդ եղանակով շահագործվի, ապա մեծ խնդրի առաջ է կանգնեցնելու ամբողջ մարզը։ Դրա տակով անցնում է Արփա-Սեւան թունելը, համոզված եմ՝ Սեւանի ավազանի վրա ազդեցություն է ունենալու»,- ասում է Հ. Իսախանյանը։
«Կանաչ խորհուրդների դաշնություն» շարժումը ձեւավորվել է 2025-ին: Համահիմնադիր Հայկ Աբրահամյանն ասում է, որ իրենց հիմնական առաքելությունը համայնքների կոլեկտիվ շահերի պաշտպանությունն է։ «Մեր նպատակն է համակարգել տարբեր համայնքներում գործող ակտիվիստական խմբերին, բնապահպաններին, քաղաքացիական նախաձեռնություններին, որպեսզի միասին արդեն ազգային մակարդակում իրականացնենք շահերի պաշտպանություն, ազդենք որոշումների կայացման վրա եւ լինենք այն փոխօգնության ու փոխաջակցության հարթակը, որն իբրեւ հենասյուն, թիկունք կծառայի տարբեր համայնքներում գործող ակտիվիստներին համար, երբ իրենց նախաձեռնություններն են իրականացնում»,- եզրափակում է Հայկ Աբրահամյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter