Արթուր Նազարյանն ընտրվել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ֆեդերացիան 20 տարի ղեկավարած Հրաչյա Ռոստոմյանը հրաժեշտ է տվել պաշտոնին։ Նա իր ուղերձում չի նշել պաշտոնից հեռանալու պատճառների մասին, միայն շնորհակալություն է հայտնել գործընկերներին ու հաջողություն մաղթել նոր նախագահին։
Վերջին շրջանում Ռոստոմյանը Facebook-ի իր էջում էջում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին աջակցող գրառումներ է կատարել, կիսվել համատեղ նկարով, քննադատել նրա ու ԲՀԿ-ի դեմ իշխանությունների գործողությունները։
Ֆեդերացիայից հայտնել են, որ հուլիսի 29-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ընթացքում ֆեդերացիայի պատվիրակները միաձայն Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ են ընտրել Նազարյանին։
Նազարյանը երկար տարիներ գործունեություն է ծավալել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում՝ զբաղեցնելով գլխավոր քարտուղարի պաշտոնը և համակարգելով ֆեդերացիայի կազմակերպչական, միջազգային և զարգացման ծրագրերը։
