ԱՄՆ-ն հակված չէ շարունակել հակամարտությունը. Պետրոսյան

ԱՄՆ-ն հակված չէ շարունակել հակամարտությունը. Պետրոսյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ դիվանագիտական շփումները վերջին օրերին կենտրոնացել են միաժամանակ երկու առանցքային ուղղությունների վրա՝ ռուս-ուկրաինական պատերազմի և Մերձավոր Արևելքի ճգնաժամի կարգավորման։ Վաշինգտոնում Թրամփը հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։

Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

-Ի՞նչ կարող ենք ակնկալել այս հանդիպումներից։

-Կարծում եմ՝ քննարկվել են այս պահին աշխարհում ամենավտանգավոր հակամարտությունները, այսինքն՝ Մերձավոր Արևելքում՝ ԱՄՆ-Իրան, և ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Այս պահին բավականին բարդ է նշել, թե ինչ կոնկրետ, առարկայական գործընթացներ կարող են լինել։ Երկու հակամարտությունների շուրջ էլ հետագա զարգացումները որոշակի առումով լույս կսփռեն Միացյալ Նահանգներում կայացած բանակցությունների վրա։ Բայց կարծում եմ, որ քանի որ այս պահին ԱՄՆ-ը հակված չէ շարունակելու հակամարտությունը, խոսքը, երևի թե, հնարավոր դիվանագիտական գործընթացների շրջանակում ակնկալվող քայլերի մասին է։ Եվ, իհարկե, կարող են լինել պայմանավորվածություններ հակամարտությունների շրջանակում մարտավարական հարցերի շուրջ։ Կարծում եմ՝ կարճաժամկետ հեռանկարում, այսինքն՝ մինչև աշնան վերջ, էական տեղաշարժեր երկու հակամարտությունների հետ կապված դժվար է ակնկալել, և Միացյալ Նահանգներն այս կարճաժամկետ ժամանակահատվածում փորձել է համակարգել իր քայլերն իր երկու գործընկերների հետ։

-Զելենսկին նշել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը։ Կարո՞ղ ենք ասել, որ սա վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն ակտիվորեն կարող է ներքաշվել ռուս-ուկրաինական պատերազմում։

Այո, կա նման տրամաբանություն, դիվանագիտական գործընթացն ակտիվացնելու հնարավորություն, բայց զուգահեռաբար տեսնում ենք, որ Ուկրաինան նաև ակտիվացրել է ռազմական գործողությունները Ռուսաստանի դեմ և որոշակի հաջողություններ է արձանագրում։ Եվ այս համատեքստում կարծում եմ, որ չի բացառվում (ինչպես նշեցի մարտավարական որոշ փոփոխությունների մասին) այս ուղղությամբ, այսինքն՝ Ռուսաստանի դեմ ընթացող գործողությունների ուղղությամբ որոշակի ակտիվացումը և Միացյալ Նահանգների աջակցության մեծացումը։ Դրա հավանականությունը ևս կա, բայց, իհարկե, դիվանագիտական գործընթացին զուգահեռ, որը, կարծում եմ, միևնույն է, այս պահին հազիվ թե հնարավորություն տա հակամարտությունը կանգնեցնելու։

-Թրամփ-Նեթանյահու հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ-Իրան պատերազմի և Գազայում հրադադարի խախտումների ֆոնին։ Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս հանդիպումը հետագա զարգացումների վրա։

-Այս պահին, ինչպես արդեն նշեցի, ԱՄՆ-ը հակված չէ ռազմական գործողությունները շարունակելուն, Իսրայելում նախընտրական գործընթաց է, և սա ենթադրում է, որ ակտիվ, լայնամասշտաբ ռազմական գործողությունների հավանականությունը փոքր է, բայց չի բացառվում, որ դարձյալ այս հակամարտության շրջանակում մարտավարական որոշակի քայլեր իրականացվեն։ Այսինքն՝ սահմանափակվեն Իրանի կողմից Հորմուզի նեղուցի վերահսկման գործողությունը, տնտեսական-ռազմական կարողությունների վերականգնմանն ուղղված քայլերը և այլն։ Հիմնականում այս ուղղությամբ Միացյալ Նահանգների գործողությունները կարող են շարունակվել, և հիմնական պայմանավորվածությունն այն հարցում է, որ այս պահին Իսրայելն ակտիվ ռազմական գործողությունների մեջ չի մտնելու։

-Որքանո՞վ են այս բանակցությունները փոխկապակցված միմյանց հետ, և հնարավո՞ր է, որ Վաշինգտոնը փորձում է զուգահեռաբար լուծումներ առաջ մղել մի քանի ճգնաժամային ուղղություններով։

-Չեմ կարծում, որ կա էական փոխկապակցվածություն երկու խնդիրների միջև։ Պարզապես այստեղ պետք է հասկանալ բանակցությունների ժամանակային համընկնումը, իսկ դա պայմանավորված էր ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմի հրաժեշտի արարողությանը երկու առաջնորդների մասնակցությամբ և զուգահեռաբար Միացյալ Նահանգների առաջնորդի հետ բանակցություններով։ Միակ որոշակի առնչությունը, որ կարող է այս պահին տարվել երկու հակամարտությունների միջև, այն է, որ Ուկրաինան Կասպից ծովում թիրախավորել է իրանական բեռնատար նավ, որին ի պատասխան՝ իրանական կողմը հնարավոր է համարում Ուկրաինային պատասխանելը․ այսինքն՝ այսպիսի ինչ-որ հնարավորություն կա։ Բայց չեմ կարծում, որ սա կարող է տանել երկու հակամարտությունների շուրջ ընդհանուր ինչ-որ դրսևորումների։ Սա պարզապես ժամանակային, իրադարձային համընկնում էր. երկու առաջնորդներն էլ գտնվում էին Միացյալ Նահանգներում, և տեղի են ունեցել այս բանակցությունները։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment