Հուլիսի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալ: Այս մասին հաղորդում են ՄԻՊ աշխատակազմից։
«Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում բուժում ստացող զինծառայողներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին և բուժման ընթացքին, դիտարկել շենքային պայմանները:
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծում է հոգեբուժական բաժանմունքի շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը:
Հոսպիտալի ղեկավար կազմի և բուժանձնակազմի հետ քննարկվել են զինծառայողների բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև հոգեբուժական բաժանմունքի գործունեության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։ Անահիտ Մանասյանը կարևորել է զինծառայողների՝ արժանապատիվ և պատշաճ պայմաններում բուժօգնություն ստանալու իրավունքի լիարժեք ապահովումը։
Այցի շրջանակում առանձնազրույցներ են տեղի ունեցել բաժանմունքում գտնվող զինծառայողների հետ։ Քննարկվել են բուժօգնության տրամադրմանը, կեցության պայմաններին, ինչպես նաև ծառայության ընթացքում ծագած հնարավոր խնդիրներին և դրանց լուծումներին վերաբերող հարցեր։ Նշենք, որ այցին ներգրավվել է նաև ՄԻՊ աշխատակազմի բժիշկ-հոգեբույժը:
Այցի ընթացքում հատուկ ուսումնասիրության առարկա են դարձել սոցիալական հարթակներում տարածված ժամկետային զինծառայող Ա. Հ.-ի իրավունքներին առնչվող հարցերը: Պաշտպան Անահիտ Մանասյանը բժիշկ-հոգեբույժի մասնակցությամբ խորհրդապահական առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ, լսել զինծառայողին մտահոգող խնդիրները։
Ուսումնասիրվել են նաև բժշկական փաստաթղթերը։ Նշված զինծառայողին առնչվող բոլոր հարցերն այս պահին էլ հասցեավորվում են ըստ իրավասության: Այս հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
Ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո հրապարակման ենթակա տեղեկությունների առնչությամբ ՄԻՊ հաստատությունը հանդես կգա լրացուցիչ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ հուլիսի 28-ի երեկոյան իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ ահազանգ է ստացել, թե 19-ամյա ժամկետային զինծառայող Ա․Հ.-ն դաժան ծեծի է ենթարկվել, ինչից հետո տեղափոխվել է հոսպիտալ: Պաշտպանության նախարարությունը հերքեց այս տեղեկությունը՝ հայտնելով, որ զինծառայողը հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով:
Իրազեկում
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանին կարելի է դիմել՝ զանգահարելով թեժ գծի 116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096 116 100 հեռախոսահամարով։
Պաշտպանին կարելի է դիմել նաև՝ անձամբ այցելելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (ք. Երևան, Պուշկինի 56Ա) կամ էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter