Գևորգ Հարությունյանը դարձել է Բաքվում ընթացող Մ17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հայ ըմբիշը 51 կգ քաշային կարգի բրոնզե գոտեմարտում 5։0 հաշվով հաղթել է վրացի Սաբա Աբաշիձեին։
Ավելի վաղ 48 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր էր դարձել Արարատ Ավետիսյանը։
Մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը Բաքվի ազգային մարմնամարզության արենայում անցկացվում է հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Մրցումները մեկնարկել են հունահռոմեական ոճի գոտեմարտերով, այնուհետև կանցկացվեն կանանց և ազատ ոճի մրցաշարերը։
United World Wrestling-ի տվյալներով՝ առաջնությանը մասնակցում է ռեկորդային 675 մարզիկ՝ 242 հունահռոմեական ոճի ըմբիշ, 191 կին ըմբիշ և 242 ազատոճային։
Հայաստանը մրցաշարում ներկայացնում է 16 ըմբիշ՝ 10-ը հունահռոմեական, 6-ը՝ ազատ ոճում։
