Թուրքիայում անտառային հրդեհները սպառնում են զբոսաշրջային գոտիներին

Տարածաշրջանի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Միլասում, Ֆեթհիեում, Մենթեշեում, Քավաքլըդերեում և Օրթաջայում, արձանագրվել են հրդեհի բռնկումներ, հայտնում է Habertürk-ը։

Իրավիճակն առավել բարդ է Միլասի շրջանում, որտեղ Գյուրչամլար ու Քազըքլը-Բոզբյուք բնակավայրերի հարևանությամբ կրակը արագ տարածվել է ուժգին քամու պատճառով։ Տեղամաս են ուղարկվել հրշեջ հաշվարկներ և անտառային ծառայության ստորաբաժանումներ։

Ֆեթհիեի շրջանում կրակի օջախը առաջացել է Գյոքչեովադըքի մերձակայքում՝ հասնելով մինչև Ինլիջե։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են ցամաքային ուժեր, ուղղաթիռներ և հրշեջ ավիացիա։ Որոշ հատվածներում իրականացվել է բնակիչների ժամանակավոր տարհանում։

Մեկ այլ հրդեհ է արձանագրվել Մենթեշեի շրջանում, որտեղ կրակը գյուղատնտեսական հողատարածքներից անցել է անտառային զանգված։ Մարման գործընթացին մասնակցում են ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հրշեջ տեխնիկա և արտակարգ ծառայությունների աշխատակիցներ։

Ըստ իշխանությունների՝ կրակի տարածմանը նպաստող գործոններն են բարձր ջերմաստիճանը, չոր բուսականությունը և ուժեղ քամին։ Փրկարարական ծառայությունները շարունակում են իրականացնել օջախների տեղայնացումն ու վերահսկել իրավիճակը։

Մուղլան Թուրքիայի առաջատար զբոսաշրջային նահանգներից է, որտեղ գտնվում են հայտնի հանգստավայրեր Բոդրումը, Մարմարիսը և Ֆեթհիեն։ Ամռան ամիսներին տարածաշրջանը երաշտի ու ծայրահեղ շոգի պատճառով պարբերաբար ենթարկվում է անտառային հրդեհների ռիսկին։

Հրդեհների բռնկման պատճառները պարզվում են, իսկ իրավապահները ստուգում են հրդեհային անվտանգության կանոնների հնարավոր խախտումների փաստերը։

Leave a Comment