Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ նույնիսկ լիակատար մեկուսացումը չի խանգարի իրեն՝ իր գաղափարները հասցնել աջակիցներին։
Դատական նիստի ընթացքում Սահակաշվիլին հայտնել է, որ իր թվային ավատարն է ստեղծվում՝ արհեստական բանականության միջոցով։
«Արդեն պատրաստվում է արհեստական բանականությամբ իմ ավատարը․ այն ավելի լավ տեսք ունի, քան ես, բայց դա հենց ես եմ։ Նա խոսում է ինչպես Միշան իր լավագույն տարիներին, ունի նույն ժեստերն ու դիմախաղը, և դրանում զետեղվելու է այն ամենը, ինչ մտածում եմ»,- ասել է նա։
Նախկին նախագահը նաև հայտարարել է, որ համոզված է՝ ապագայում ազատ է արձակվելու և համեմատել է իր ճակատագիրը այն քաղաքական գործիչների հետ, որոնք բանտարկությունից հետո վերադարձել են քաղաքականություն։
Սահակաշվիլին նշել է Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ նելսոն Մանդելային, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու դա Սիլվաին և Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմին՝ որպես օրինակներ։
Նրա խոսքով՝ երկարատև կալանքը ոչ թե թուլացնում, այլ մեծացնում է իր քաղաքական վերադարձի հնարավորությունը։ Սահակաշվիլին ընդգծել է, որ իր նպատակը միայն իշխանության վերականգնումը չէ, այլ նոր սերնդի քաղաքական գործիչների ձևավորումը։
Նա նաև վստահություն է հայտնել, որ իր աջակիցները կկարողանան ձևավորել նոր քաղաքական ուժ, որը, ըստ նրա, կվերականգնի Վրաստանի անկախ ուղին և կապահովի երկրի զարգացումը։