Ուսուցիչների, բժիշկների ու խնամողների կողմից երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար խիստ պատիժ է առաջարկվում

Արդարադատության նախարարությունը առաջարկում է խստացնել քրեական պատասխանատվությունն այն դեպքերի համար, երբ երեխայի նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունը կատարվի կրթական, խնամքի, բժշկական հաստատության աշխատակցի կամ երեխայի վստահությունը վայելող այլ անձի կողմից։ Նախատեսվում է նաև քրեական պատասխանատվություն սահմանել անչափահասի նկատմամբ կատարված կամ նախապատրաստվող մի շարք սեռական հանցագործությունների մասին իրավասու մարմիններին չհայտնելու համար։ Փոփոխությունների հիմքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արձանագրած խնդիրներն ու Հայաստանի միջազգային պարտավորություններն են։

Հանրային քննարկման է ներկայացվել «Քրեական օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, քանի որ գործող օրենսդրությունը լիարժեք չի կարգավորում այն դեպքերը, երբ երեխայի նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունը կատարվում է վստահության կամ ենթակայության հարաբերությունների պայմաններում, ինչպես նաև չի ապահովում բոլոր նման հանցագործությունների մասին պարտադիր հաղորդման արդյունավետ մեխանիզմ։ Դա նվազեցնում է երեխաների պաշտպանության արդյունավետությունը, չի ապահովում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների լիարժեք կատարումը և չի նպաստում երեխաներին սեռական բռնությունից արդյունավետ պաշտպանելուն։

Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության արգելքն ու նրանց պաշտպանության երաշխիքները նախատեսված են մի շարք օրենքներով, այդ թվում՝ Ընտանեկան օրենսգրքով, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտը կարգավորող օրենքներով և Քրեական օրենսգրքով։ Սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Ա.Պ-ն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրել է, որ գործող օրենսդրությունն ու դրա կիրառման պրակտիկան լիարժեք չեն ապահովում երեխաների պաշտպանությունը սեռական բռնությունից։ Դատարանը նշել է, որ պետությունը բավարար չափով չի կատարում երեխաներին պաշտպանելու իր պարտականությունները, բռնության վերաբերյալ հաղորդումները միշտ չէ, որ քննվում են արագ և արդյունավետ, իսկ գործող իրավական մեխանիզմները գործնականում բավարար արդյունք չեն ապահովում։

Ըստ նախագծի հիմնավորումների՝ Հայաստանի Հանրապետությունը, լինելով «Երեխաների սեռական շահագործման և սեռական բռնության դեմ պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի մասնակից, պարտավորվել է քրեական պատասխանատվություն սահմանել ոչ միայն սեռական բռնության կամ հարկադրանքի, այլև այն դեպքերի համար, երբ երեխայի նկատմամբ սեռական բնույթի գործողությունները կատարվում են վստահության, իշխանության կամ ազդեցության դիրքի չարաշահման միջոցով։ Նման մոտեցումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի մեծ մասը կատարվում է այն մարդկանց կողմից, որոնց երեխան ճանաչում և վստահում է։

Այս հարցին անդրադարձել է նաև Լանզարոտեի կոմիտեն՝ նշելով, որ «վստահության շրջանակը» ներառում է ոչ միայն ընտանիքի անդամներին, այլև երեխայի խնամքը, դաստիարակությունը կամ վերահսկողությունն իրականացնող անձանց, ուսուցիչներին, բուժաշխատողներին, սոցիալական աշխատողներին, ընտանիքի ընկերներին, հարևաններին և նույնիսկ այն հասակակիցներին, որոնց երեխան վստահում է։ Կոմիտեն ընդգծել է, որ երեխաների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է, որպեսզի օրենքը հատուկ պատասխանատվություն նախատեսի այն դեպքերի համար, երբ նման հանցագործությունները կատարվում են հենց այդ անձանց կողմից։

Հայաստանի գործող Քրեական օրենսգրքում, սակայն, սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված մի շարք հանցագործությունների դեպքում առանձին պատասխանատվություն նախատեսված չէ այն իրավիճակների համար, երբ դրանք կատարվում են երեխայի նկատմամբ ուսումնական, խնամքի, սոցիալական պաշտպանության կամ բժշկական հաստատության աշխատակցի, ինչպես նաև այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը։

ՄԻԵԴ-ն «Ա.Պ-ն ընդդեմ Հայաստանի» գործով նաև ընդգծել է, որ պետությունը պարտավոր է երեխաներին պաշտպանել սեռական ոտնձգություններից՝ ստեղծելով արդյունավետ քրեական իրավական մեխանիզմներ և հաշվի առնելով երեխայի խոցելիությունը։ Դատարանի գնահատմամբ՝ նման պաշտպանությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ քրեական օրենսդրությունը հնարավորություն է տալիս պատշաճ արձագանքել նաև այն դեպքերին, երբ հանցագործությունը կատարվել է երեխայի նկատմամբ ազդեցություն ունեցող անձի կողմից։

Բացի այդ, գործող Քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսում միայն սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու հանցագործության մասին իրավասու մարմիններին չհայտնելու համար։ Փաստացի՝ մյուս սեռական բնույթի հանցագործությունների դեպքում պատասխանատվություն նախատեսված չէ, եթե որևէ անձ, այդ թվում՝ ուսումնական, խնամքի, սոցիալական պաշտպանության կամ բժշկական հաստատության աշխատակիցը կամ երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն ունեցող անձը, տեղեկացված է նախապատրաստվող, կատարվող կամ արդեն կատարված հանցագործության մասին, սակայն այդ մասին չի հայտնում իրավասու մարմիններին։

Օրենքի նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգրքում սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հոդվածներում սահմանել ավելի խիստ պատասխանատվություն այն դեպքերի համար, երբ հանցագործությունը կատարվել է երեխայի նկատմամբ ուսումնական, խնամքի, սոցիալական պաշտպանության կամ բժշկական հաստատության աշխատակցի կամ այն անձի կողմից, ում երեխան վստահել է՝ նրա զբաղեցրած դիրքի կամ իրենց հարաբերությունների պատճառով։ Բացի այդ, առաջարկվում է լրացնել Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածը և պատասխանատվություն սահմանել նաև անչափահասի նկատմամբ կատարված կամ նախապատրաստվող 198-202-րդ հոդվածներով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, դրանց հարկադրելը, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ, անառակաբարո արարք կատարելը, 16 տարին չլրացած անձին սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կամ մանկական պոռնոգրաֆիա ստեղծել կամ արտադրել առաջարկելը (գրումինգ)) նախատեսված հանցագործությունների մասին իրավասու մարմիններին չհայտնելու համար։

Ըստ նախագծի հեղինակների՝ դրա ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել երեխաների քրեաիրավական պաշտպանության արդյունավետությունը և գործող կարգավորումները համապատասխանեցնել Հայաստանի միջազգային պարտավորություններին ու միջազգային չափանիշներին։

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment