Գաֆեսճյան արվեստի կենտրոնում բացվել է «Վաղարշակ Արամյան․․․ և մետաֆիզիկա» ցուցահանդեսը։ Վաղարշակ Արամյանը հայկական ավանգարդի թերևս ամենախորհրդավոր ու ինքնատիպ արվեստագետներից է, ում ժառանգության մասին, ցավոք, քիչ է խոսվել։
Ցուցադրված աշխատանքների զգալի մասն առաջին անգամ է ներկայացվում հանրությանը՝ լավ առիթ ընձեռելով անդրադառնալու 1970-ականների խորհրդահայ ավանգարդի այս վառ ներկայացուցչի արվեստին։ Ցուցահանդեսի և նկարչի ստեղծագործության առանձնահատկությունների մասին ենք խոսում Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն, ցուցահանդեսի համադրող Արմեն Եսայանցի և նկարչի դստեր՝ արվեստագետ Նանա Արամյանի հետ։
Նախագիծն իրականացվել է արվեստագետի ընտանիքի հետ համագործակցությամբ։ «Այստեղ մենք ցույց ենք տալիս հեղինակի հարաբերությունները մետաֆիզիկայի հետ, որը նրա արվեստը բացահայտելու հիմնական բանալիներից է», –նշում է Արմեն Եսայանցը։
«Ինձ համար ամենակարևորն է, և ես անչափ երջանիկ եմ, որ վերջապես ցուցադրվեցին հայրիկի 1967–1968 թվականների գեղանկարչությունն ու գրաֆիկական աշխատանքները, որոնք նախկինում երբևէ չէին ցուցադրվել։ Նրան իսկապես շատ էին գրավում մետաֆիզիկական արվեստն ու սյուռեալիզմը՝ որպես երկու փոխկապակցված ուղղություններ», – ասում է Նանա Արամյանը։
Ցուցահանդեսում ներկայացված է շուրջ 75 գործ, այդ թվում՝ էսքիզներ, որոնք, սակայն, հեղինակի ողջ ստեղծագործության մի փոքր մասն են միայն։ Ցուցադրությունում ընդգրկված են ինչպես գրաֆիկական աշխատանքներն ու անցումային շրջանի գործերը, այնպես էլ 1960–1970-ականների ազգային մոդեռնիզմին հարող նկարները։ Ինչպես նշում է Արմեն Եսայանցը, Վաղարշակ Արամյանն առաջիններից էր, որ հեռացավ ազգային մոդեռնիզմից և գիտակցված ընտրություն կատարեց դեպի 20-րդ դարասկզբի եվրոպական ավանգարդը։
Ցուցահանդեսում ներառված է նաև նկարչի կյանքի վերջին՝ 2006 թվականով թվագրված «Սուրբ Հերոնիմուս» անավարտ կտավը։ Այս ստեղծագործության մեջ ևս, համադրողի դիտարկմամբ, հստակ պահպանված են մետաֆիզիկական մտածողությունն ու սյուռեալիստական մաներան։
«Վաղարշակ Արամյան․․․ և մետաֆիզիկա» ցուցահանդեսն ուղեկցվելու է նաև կրթական ծրագրով և Գաֆեսճյան արվեստի կենտրոնում գործելու է մինչև սեպտեմբերի 27-ը։