Հայաստանն աջակցել է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում գազի մատակարարումների ծավալներն ավելացնելու Իրանի առաջարկին, «Ազատությանը» հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ Երևանն ու Թեհրանը բանավոր համաձայնության են եկել փոխշահավետ գործարքի ընդլայնման շուրջ։ Տեխնիկական և այլ հարցերի քննարկման համար կողմերը կստեղծեն աշխատանքային խմբեր։
«Հայաստանն ավելի մեծ ծավալով գազի կարիք ունի, իսկ Իրանը՝ ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիայի։ Մեր խողովակաշարի թողունակությունը գերազանցում է այն գազի ծավալը, որն այս պահին տեղափոխվում է դրա միջոցով»,- հայտարարել է Խուդաթյանը։
Նախարարը նշել է, որ գազատարի հնարավորությունները և 400 կՎ լարման նոր էլեկտրահաղորդման գծի կառուցումը թույլ են տալիս առնվազն կրկնապատկել գործարքի ծավալները։ Այդ դեպքում՝ Հայաստանը կկարողանա երկու անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Իրան և դրա դիմաց ստանալ կրկնակի ծավալով գազ։
Մոտ 20 տարի առաջ կառուցված Իրան-Հայաստան գազատարը տարեկան ավելի քան 2 մլրդ խորանարդ մետր գազ տեղափոխելու հնարավորություն ունի։ 2025 թվականին Իրանը Հայաստանին մատակարարել էր շուրջ 480 մլն խորանարդ մետր գազ։
Գործարքի ծավալների ավելացման համար անհրաժեշտ է ավարտին հասցնել Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, որը ձգձգվում է շուրջ 10 տարի։ Խուդաթյանի խոսքով՝ աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի վերջը։
Նախարարն ընդգծել է, որ Թեհրանի հետ էներգետիկ համագործակցության ընդլայնումը կապված չէ ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետ։
«Սա տնտեսական առումով շահավետ գործունեություն է, որը կապված չէ այլ երկրի, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ։ Երկու կողմն էլ շահագրգռված են դրա ընդլայնմամբ»,- հայտարարել է նա։
Իրան-Հայաստան գազատարի հայկական հատվածը գտնվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության կառավարման ներքո։ Խուդաթյանը վստահեցրել է, որ Երևանը «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում գազի մատակարարումների ավելացման սահմանափակումներ չունի։
Իրան կատարած այցի ընթացքում կողմերը քննարկել էին նաև հայ-իրանական սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման հարցը։ Շինարարությունը նախատեսվում է սկսել 2027 թվականին և ավարտել մոտ երեք տարվա ընթացքում։ Նոր կամուրջը պետք է մեծացնի սահմանային անցակետի թողունակությունն ու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները։
