Ռուս բլոգերի դեմ Հայաստանում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ հայերին վիրավորելու համար

Ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի դեմ Հայաստանում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Վարդավառի տոնին հայերի հասցեին սոցիալական ցանցերում վիրավորական արտահայտություններ անելու համար։ Այս մասին ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել է «Вот Так» պարբերականի հարցմանն ի պատասխան։

Քրեական վարույթի հիմքում բլոգերի հրապարակած տեսանյութերն են, որոնցում նա քննադատել է Վարդավառի տոնը և հայերին անվանել «առնետային ժողովուրդ»։ Տեսանյութերը լայն արձագանք են ստացել ինչպես հայ օգտատերերի, այնպես էլ ռուսական համայնքի մի մասի շրջանում։

Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ համացանցի միջոցով հրապարակայնորեն ատելություն և խտրականություն հրահրելուն ուղղված հայտարարություններ կատարելու հատկանիշներով։ Այդ հոդվածով նախատեսվում է 1-ից 4 տարի ազատազրկում։

Նախաքննության ընթացքում Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ինքնակամ բացակայելու արգելքը։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին հրապարակված տեսանյութում բլոգերը քննադատել էր Վարդավառի ժամանակ մարդկանց ջրելու ավանդույթը՝ այն անվանելով անտակտ և ագրեսիվ։ Ավելի ուշ նա հրապարակել էր նոր տեսանյութեր, որտեղ երևում էր, թե ինչպես են տոնի մասնակիցները ջրում իրեն, ինչից հետո վիրավորական արտահայտություններ էր արել հայերի հասցեին և դժգոհել, որ ջրից վնասվել են իր հագուստները։

Մանրամասներն իմանալու համար auroranews-ը դիմել է քննչական կոմիտե, մանրամասներն իմանալուց հետո այն կհրապարակենք:

Leave a Comment