ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵԱՏՄ սկզբունքները պետք է գործեն, հակառակ դեպքում խնդիր է առաջանում ամբողջ կառույցի համար. Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի արտահանողների խնդիրներին և Ռուսաստանի հետ քննարկվող սահմանափակումների թեմային։

Պապոյանի խոսքով՝ Հայաստանի բարձրացրած հարցը վերաբերում է ոչ միայն առանձին սահմանափակումների վերացմանը, այլև ԵԱՏՄ-ի հիմնարար սկզբունքների պահպանմանը։

«ԵԱՏՄ օրենսդրության համաձայն՝ բոլոր երկրները պարտավոր են ապահովել ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժը։ Եթե դա չի ապահովվում, նշանակում է՝ ԵԱՏՄ-ի ձևավորման սկզբունքները չեն աշխատում»,– ասել է նախարարը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է, որպեսզի ԵԱՏՄ-ն լինի գործող և արդյունավետ կառույց, ոչ թե ձևական միավորում։

«Մենք ուզում ենք, որ ԵԱՏՄ-ն լինի, ԵԱՏՄ-ն աշխատի, գործի, ոչ թե օրինակ՝ ՀԱՊԿ-ի նման մի իրավիճակ լինի, երբ կառույցի մեխանիզմները չեն գործում»,– նշել է Պապոյանը։

Նախարարը նշել է, որ Հայաստանը հարցը բարձրացնում է ոչ թե ԵԱՏՄ-ի դեմ հանդես գալու, այլ կառույցի ներսում սահմանված կանոնների պահպանման նպատակով։

Նրա խոսքով՝ եթե հայկական ապրանքը կարող է վաճառվել Եվրոպական միության, Չինաստանի կամ Արաբական Միացյալ Էմիրությունների շուկաներում, ապա անհասկանալի է, թե ինչու այն չպետք է հասանելի լինի նաև Ռուսաստանի շուկայում։

«Այն ապրանքը, որը վաճառվում է այլ շուկաներում, չի կարող չվաճառվել Ռուսաստանի Դաշնությունում, եթե գործում են ԵԱՏՄ սկզբունքները»,– ասել է Պապոյանը։

Նախարարը նաև նշել է, որ ԵԱՏՄ մեխանիզմների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ։

«Մենք այդ կազմակերպությանը վերաբերվում ենք որպես մեր կազմակերպության և չենք կարող որևէ չաշխատող մեխանիզմի նկատմամբ ունենալ չեզոք կամ կրավորական կեցվածք»,– ընդգծել է նա։

Պապոյանի խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ ԵԱՏՄ-ում պետք է ապահովվի այն սկզբունքների իրականացումը, որոնց հիման վրա ստեղծվել է կառույցը։

Leave a Comment