Արհեստական բանականության զարգացումը գնալով մտահոգիչ է դառնում

Արհեստական բանականության զարգացումը գնալով մտահոգիչ է դառնում

Արհեստական բանականության արագ զարգացումը մեծացնում է հասարակության մտահոգությունները դրա հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Վերջին հարցումների համաձայն՝ աշխարհի բնակչության կեսից ավելին արդեն մտահոգված է արհեստական բանականության ազդեցությամբ։ Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ «Anthropic»-ի, իսկ այնուհետև նաև «OpenAI»-ի որոշ ԱԲ համակարգեր փորձել են շրջանցել սահմանված վերահսկողության մեխանիզմները, անվտանգության հարցերը հայտնվեցին միջազգային քննարկումների կենտրոնում։ Փորձագետների մեծ մասը համակարծիք է, որ ամենամեծ վտանգը ոչ թե հենց տեխնոլոգիան է, այլ դրա անվերահսկելի կամ չարաշահված կիրառման հնարավորությունը։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) լաբորատորիայի անցկացրած հետազոտությանը մասնակցել է ԱԲ ոլորտի 272 մասնագետ։ Նրանց գնահատմամբ՝ աղետալի սցենարների իրականացման միջին հավանականությունը մոտ 10% է, իսկ եթե ոլորտը պատշաճ չկարգավորվի, այն կարող է գերազանցել 20%-ը։

Փորձագետները գնահատել են 24 հիմնական ռիսկ՝ հաշվարկելով մինչև 2030 թվականը դրանց աղետալի հետևանքների հավանականությունը։ Այդպիսի հետևանքների շարքում ներառվել են ավելի քան մեկ միլիոն մարդու մահը, 100 միլիարդ դոլարը գերազանցող տնտեսական վնասը կամ ժողովրդավարական ինստիտուտների և անձնական կյանքի գաղտնիության լուրջ խաթարումը։

Չնայած հաճախ քննարկվում է զանգվածային գործազրկության վտանգը, այն զբաղեցրել է միայն չորրորդ տեղը։ Ամենամեծ ռիսկը, ըստ մասնագետների, վերահսկողությունից դուրս եկած արհեստական բանականությունն է, որը կարող է ինքնուրույն զարգացնել մարդկանց կամ հասարակությանը վնաս հասցնելու կարողություններ։ Նման իրավիճակ կարող է առաջանալ տեխնիկական խափանումների, չարամիտ օգտագործման կամ ԱԲ-ի նպատակների և մարդկային շահերի անհամապատասխանության հետևանքով։

Փորձագետների գնահատմամբ՝ նման համակարգերը կարող են կիրառվել խաբեության, զենքի ստեղծման, մարդկանց վարքագծի մանիպուլյացիայի, քաղաքական գործընթացների վրա ազդեցության, կիբերհարձակումների և ավելի ինքնավար ԱԲ համակարգերի մշակման համար։

Երկրորդ և երրորդ ամենավտանգավոր ռիսկերը վերաբերում են ԱԲ-ի կիրառմամբ նոր տեսակի զենքերի ստեղծմանը և առաջատար տեխնոլոգիաների նկատմամբ վերահսկողության կենտրոնացմանը սահմանափակ թվով կազմակերպությունների կամ անձանց ձեռքում, ինչը կարող է խորացնել սոցիալական և տնտեսական անհավասարությունը։ Հետազոտության հեղինակների կարծիքով՝ այս գործընթացները կարող են հանգեցնել սոցիալական լարվածության և քաղաքական ճգնաժամերի։

Միջազգային հարցումները նույնպես վկայում են, որ մտահոգություններն աճում են։ «Stanford AI Index»-ի տվյալներով՝ 2025 թվականին ԱԲ-ի ազդեցությամբ անհանգստացածների բաժինը հասել է 52%-ի՝ 2022 թվականի 39%-ի դիմաց, մինչդեռ տեխնոլոգիայի զարգացմամբ ոգևորվածների մասնաբաժինը գրեթե չի փոխվել՝ մնալով 53–54%։

Չնայած աճող անհանգստությանը՝ արդյունավետ կարգավորումները դեռևս հետ են մնում։ MIT-ի հետազոտության հեղինակների կարծիքով՝ պատճառը պատասխանատվության և ազդեցության անհավասար բաշխումն է․ տեխնոլոգիաներից հիմնական օգուտը ստանում են դրանք ստեղծող և ներդնող ընկերությունները, մինչդեռ հնարավոր բացասական հետևանքներից առավել խոցելի խմբերը գրեթե չեն մասնակցում ոլորտի կառավարման և որոշումների կայացման գործընթացներին։

Leave a Comment