«Ոդիսական»-ի նոր Ոդիսականը

Հայտնի է, որ Հոլիվուդն անխափան սեր ունի հին հունական սյուժեների հանդեպ: Այդ վաղեմի սիրո վերջին պոռթկումն է հոմերոսյան թարմ էկրանացումը, որն իրագործել է Ամերիկայում շատ բարեհաջող արմատակալած հերթական բրիտանացին՝ Քրիստոֆեր Նոլանը:

Դեռ ավելի քան քսան տարի առաջ Նոլանը պիտի էկրանավորեր «Տրոյան»՝ ըստ «Իլիական»-ի, բայց նախագիծն ի վերջո վստահվեց Վոլֆգանգ Պեթերսենին, մինչդեռ հոլիվուդյան աստվածները, այնուամենայնիվ, այնքան բարեհաճ եղան Նոլանի նկատմամբ, որ, ի վերջո, նրան է բաժին ընկել «Իլիական»-ի սիքուելը՝ «Ոդիսականը»: Բնականաբար հոլիվուդյան ամբողջ փառապանծ շուքով ու փայլեցնելու աստիճանի հղկված քրեստոմատիական կանոններով էլ կյանքի է կոչվել հին հունական էպոսի նորընծա կինոտարբերակը: Ի դեպ, մեծ հոլիվուդյան այս ոճն այնքան անկոտրում է ու անպարտելի, որ թվում է, թե կգործի հավիտյանս հավիտենից, առնվազն քանի դեռ Հովհաննու Հայտնության գուժած աշխարհավերջը վրա չի հասել:

Նոլանի ոգեկոչած վաղնջական աշխարհում հանրահայտ աստվածները որպես գործող անձինք ներգրավված չեն (միակ բացառությունն արվել է Ոդիսևի հովանավոր Աթենա Պալլասի համար, թեև աստվածուհուն պատկերող Զենդեյան այնքան դժգույն է իր սպիտակ հանդերձանքի պես, որ այս բացառությունը դժվար է երջանիկ անվանել), բայց Զևսի անունը հաճախ է հնչում, պարբերաբար վկայակոչվում են նրա պատվիրանները, այնպես որ օլիմպոսաբնակների գոռ ղեկավարի աներևույթ ներկայությունն ապահովված է, թեկուզ և ոմանց համար հեղինակությունը՝ արդեն վիճարկելի: Նոլանի կառուցած կինոկոթողում այդ գերագույն կարգավիճակը համաբանությամբ վերապահված է հոլիվուդյան Զևսին՝ մեծն Հանդիսանքին, որը կոչված է ապահովելու փոփքորնով համեմված սրբազան ժամանցը: Ամեն ինչ այստեղ հետևողականորեն ծառայում է այդ վերին նպատակին, այն աստիճանի, որ Ոդիսևսին վիճակված նշանավոր փորձությունները (որոնցից մնացել են չարաղետ այցելությունները կիկլոպ Պոլիփեմոսին, լեստրիգոններին, Կիրկեին, Հադեսի մեռյալներին, սիրենների, Սկիլլայի և Քարիբդիսի դժնի դրվագները, սիրավեպը Կալիպսոյի հետ) նման են իրարահաջորդ կինոատրակցիոնների շարանի, երբ դրանց արանքում շունչ քաշելու ժամանակ այնքան էլ չկա: Նոլանը, չհետևելով ավանդույթին, որոշակիորեն առասպելազերծել է հոմերոսյան աշխարհը, բայց դրա մասին պատմում է ավանդականորեն՝ հոլիվուդյան առասպելաստեղծման ոգով: Այս հակասությունը նրան բացարձակապես չի հուզել, ուստի ֆիլմում ֆիքսված քիչ թե շատ գեղարվեստական նվաճման մասին խոսելը լուրջ չի լինի: Սա ավելի շատ խրոխտ նավարկություն է վաղածանոթ ջրերում, ինչքան էլ Ոդիսևսը հայտնվի անծանոթ եզերքներում:

Ինչ ասել կուզի, հոմերոսյան սյուժետային դարձդարձումներն ադապտացվել են Հոլիվուդի դասական ժանրերի ոսկե կանոններով, որոնց անվրեպ ներգործության մեխանիզմներն անդուլ, անձանձիր մշակվել, ողորկվել են տասնամյակներով՝ դեռ Սեսիլ Դը Միլի լեգենդար ժամանակներից: Կարճ ասած՝ «Ոդիսականը» Նոլանին հիանալի առիթ է ընձեռել ճանապարհային ֆիլմի (road movie), արկածապատումի, էպիկական կտավի, մարտաֆիլմի, ֆենթըզիի թե ֆանտաստիկայի, սարսափի ու սրա տարբերակ զոմբի ֆիլմի, անմահ մելոդրամի հնարավորինս դիտարժան հիբրիդ ստանալու համար, ընդ որում՝ Զևսին մատուցված զոհաբերության պես համարյա ոչինչ չի խնայվել հանուն աստվածների աստված Հանդիսանքի ու դրա դիտարժանության:

Սա այնքան բացարձակ նպատակ է սահմանվել, որ նույնիսկ անէական է, թե ովքեր են ստանձնել հոմերոսյան կերպարների դերերը, էլ չեմ ասում, թե ինչպես են փորձել իրենց խնդիրն ի կատար ածել․ Մեթ Դեյմոնին Ոդիսևսի հետ զուգորդելու համար ահռելի ճիգեր են պետք, Թոմ Հոլանդի Տելեմաքոսն անդեմ է ու անարտահայտիչ, Ռոբերտ Փաթինսոնի Անտինոոսը հիշեցնում է օպերետային չարագործի, Սամանթա Մորթոնի Կիրկեն հալումաշ կիսաջադու է, Լուպիտա Նիոնգոյի Հեղինեն ու Կլիտեմնեստրան՝ «Փորգի և Բես»-ի բնույթի այլ օպերայից, Շարլիզ Թերոնի Կալիպսոն անգիր-անդրոշմ թղթի պես ոչ մի տեսակ էլ չէ և այլն, և այլն: Միայն Անն Հաթըուեյի Պենելոպեն կարծես որոշ առնչություն ունի հոմերոսյան հերոսուհու հետ, դա էլ չլինի՝ մերթ սլացիկ է հանց մենավոր նոճի, մերթ սրտաճմլիկ, բայց անձամբ ինձ խանգարում էր ակամա ծագող անշահեկան զուգահեռն իմ տեսած լավագույն Պենելոպեի՝ անմոռաց Իրեն Պապասի հետ:

Եվ առհասարակ ինչպես Հաթըուեյը, այնպես էլ ֆիլմում ընդգրկված մեծ ու փոքր ամերիկյան աստղերն իրենց դերերում հայտնվել են այս տիպի ֆիլմի համար երևի օրինաչափ դասական հոլիվուդյան սկզբունքով, երբ դերակատարի անձն է կարևորված, ոչ թե կերպարի, բայց քանի որ դերակատարների անհատականությունը տվյալ դեպքում, առանց բացառության, պակաս հետաքրքիր է, քան նրանց մարմնավորած հերոսներինը, ստացվել է զուտ ֆունկցիոնալ կերպարների մի անվերջանալի դիմաշար: Ինչևէ,  դրանք ավելին չեն, քան նախշազարդեր՝ ի սպաս, ինչպես արդեն նշվեց, նորին մեծություն  Հանդիսանքի: Իսկ ամենակուլ Հանդիսանքը, հուրախություն այս կարգի կինեմատոգրաֆի սպառողների, ձգվում է երկարաշունչ շռայլությամբ, և միայն ֆիլմի վերջին կես ժամում է մի կերպ տեղ բացվում Նոլանի, այսպես կոչված, գաղափարական ասելիքի համար, երբ մի պահ թոհուբոհը վերջապես մարում է, և տուն դարձած ծպտյալ Ոդիսևսի ու նրան չճանաչած-ճանաչած Պենելոպեի զրույցում երևան է գալիս, թե ինչպես է պատերազմը որպես կործանիչ աղետ ավերում և՛ քաղաքակրթությունը, և՛ մարդու հոգին, ինչ ծանր ու հոգեմաշ է դառնում տունդարձը, ինչ ափսոս է անցյալ կորուսյալը, ինչ ապարդյուն՝ ափսոսանքը, ինչ ցավագին հետքեր են թողնում անշրջելի սխալները և այլն: Իսկ մինչ այդ ֆիլմի երկխոսություններն ամենից հաճախ այնքան հերթապահ են ու անգույն, որ «սերը զոհաբերություն չէ», «աստվածները բարյացակամ են նրա հանդեպ, ով ինքն է իր հենարանը» կարգի ծեծված սենտենցներն իմաստուն մտքերի տպավորություն են թողնում:

Այս «լրջանալու պահը», երբ հիշողության կորուստ բերող լոտոսի ծաղիկների տակ երևան է գալիս հոմերոսյան պատումին և Ոդիսևսի կերպարին անդրադառնալու գաղափարական աստառը, որ Նոլանը ներկայացնում է իբրև արքետիպային նարատիվի իր հայեցակարգը կամ մեկնակերպը, գոնե իմ ընկալմամբ, «Ոդիսական» վերնագրով կյանքի կոչված սույն մեծադղորդ օպերային վիպերգության թերևս միակ իրոք մարդկային, իրոք սրտառուչ պահն է, երանելի կամերային դադար, գրեթե կատարսիս, թեպետ և տքնաջան Նոլանի նոր magnum opus-ը նմանեցնում է փոքրիկ գլխին կցած անհամեմատ երկար ու նախշուն պոչով օդապարուկի: 

Գլխավոր լուսանկարում` Մեթ Դեյմոնը՝ Ոդիսևսի, Զենդեյան՝ Աթենա Պալլասի դերերում



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment