Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի դատական դեպարտամենտը հայտարարել է արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող աշխարհում առաջին հարթակի ներդրման մասին, որը կօգնի կայացնել դատական և իրավական որոշումներ։ Ըստ աղբյուրի՝ համակարգի աշխատանքը վերահսկվելու է մարդու կողմից։ Ակնկալվում է, որ դրա ներդրումը կբարձրացնի դատական գործընթացների արդյունավետությունն ու դատական գործերի քննության ճշգրտությունը։
Նշվում է, որ համակարգը սկզբնական փուլում կգործարկվի սեպտեմբերին, իսկ հաջորդ 18 ամիսների ընթացքում այն փուլ առ փուլ կներդրվի։ ԱՄԷ-ի փոխնախագահի, փոխվարչապետի և նախագահի աշխատակազմի ղեկավար շեյխ Մանսուր բեն Զայեդ Ալ Նահայանը նշել է, որ նման հարթակի գործարկումը վկայում է, որ «նորարարությունը ավելի արդյունավետ և արագ արդարադատության ճանապարհն է»։
