Բուխարեստում կանցկացվի հայկական մշակույթի Strada Armenească հոբելյանական փառատոնը

Հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը Բուխարեստի «Դիմիտրիե Բրենդզա» բուսաբանական այգում կանցկացվի Strada Armenească 10-րդ հոբելյանական փառատոնի, որը կմիավորի Հայաստանի, Ռումինիայի և սփյուռքի արվեստագետներին, հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը։ 

Եռօրյա ծրագրում ընդգրկված են համերգներ, հայկական պարեր, ժամանակակից արվեստի չորս ցուցահանդես, մշակութային ժառանգությանը նվիրված երկու քննարկում, արհեստների տոնավաճառ, գաստրոնոմիական միջոցառումներ և երեխաների համար նախատեսված ծրագրեր։

Փառատոնին Հայաստանից կմասնակցեն երգչուհի Աննա Կոստանյանն ու սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը, Katil խումբը, Gorgeouz Beats-ը, ինչպես նաև «Հայկյաններ» պարային համույթը։ Ռումինիան կներկայացնեն Subcarpați, Bosquito, byron և Muse Quartet խմբերը, Մադալինա Պավալը և այլ կատարողներ։

Փառատոնի շրջանակում առաջին անգամ կգործի Armenian Market-Shuka հայկական շուկան, որտեղ կներկայացվեն Հայաստանից բերված սուրճ, մուրաբաներ, բնական կոմպոտներ, ավանդական պահածոներ, հագուստ, գործվածքներ, զարդեր և հայկական մշակութային ժառանգությամբ ոգեշնչված իրեր։

Փառատոնի մուտքն անվճար է, սակայն Բուսաբանական այգու մուտքն արժե 15 լեյ (մոտ 3,3 դոլար), իսկ թոշակառուների, աշակերտների և ուսանողների համար՝ 10 լեյ (մոտ 2,2 դոլար)։

Strada Armenească-ն կազմակերպում են Ռումինիայի հայերի միությունը և Բուխարեստի հայկական մշակութային կենտրոնը։ Կազմակերպիչների խոսքով՝ 10-ը տարվա ընթացքում հայկական համայնքին նվիրված նախաձեռնությունը դարձել է Բուխարեստի ամառային խոշոր բազմամշակութային միջոցառումներից մեկը։

Strada Armenească փառատոնը հիմնադրվել է 2014 թվականին՝ Ռումինիայի հայկական համայնքի ավանդույթներն ու մշակույթը պահպանելու և հանրահռչակելու նպատակով։ Տարիների ընթացքում այն դարձել է Բուխարեստի մշակութային կյանքի ճանաչված իրադարձություններից մեկը՝ համախմբելով հայկական համայնքին և Հայաստանի մշակույթով հետաքրքրվող հազարավոր այցելուների։

Leave a Comment