ՄԻՊ ներկայացուցիչներն ուսումնասիրել են ձերբակալվածների պահման պայմանները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել ոստիկանության բաժիններ և դատարանների ազատությունից զրկված անձանց պահման վայրեր։

ՄԻՊ-ի հանձնարարությամբ՝ Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները հուլիսի 24-ին այցելել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Հասարակական կարգի ապահովման վարչության Մասիսի և Արտաշատի բաժինների ձերբակալվածների պահման վայրեր։

Այցերի ընթացքում ուսումնասիրվել են ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների պաշտպանության վիճակը և պայմանների համապատասխանությունը սահմանված չափանիշներին։

ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել մի շարք ձերբակալված և կալանավորված անձանց հետ։ Քննարկվել են նրանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման, արտաքին աշխարհի հետ կապի ապահովման, ինչպես նաև այլ իրավունքների հետ կապված հարցեր։

Բացի այդ, չհայտարարված այցեր են իրականացվել նաև Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի և Մասիսի նստավայրեր։

Դատարաններում ուսումնասիրության են ենթարկվել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի պայմանները, կահավորանքը, սանիտարահիգիենիկ վիճակը, սննդի ապահովումը և իրավաբանական օգնության կազմակերպումը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նշել է, որ այցերի արդյունքները կամփոփվեն, իսկ արձանագրված խնդիրները՝ համապատասխան առաջարկություններով, կներկայացվեն իրավասու մարմիններին՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության նպատակով։

Leave a Comment