Պուտինը մատնանշել է ԵԱՏՄ-ի շուրջ հանրաքվեի անհրաժեշտությունը Փաշինյանի հետ զրույցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հուլիսի 27-ին կայացած հեռախոսազրույցում ընդգծել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վերաբերյալ հանրաքվեի հնարավորինս շուտ անցկացման անհրաժեշտությունը, «ՌԻԱ Նովոստի»-ի փախանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Հայաստանում հանրաքվեի հնարավորինս շուտ անցկացման անհրաժեշտությունը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրների առաջնորդները Հայաստանին կոչ էին արել եվրաինտեգրման հարցով հանրաքվե անցկացնել։ Ռուս պաշտոնյաները նաև նախազգուշացրել էին Հայաստանին՝ Եվրոպական միություն մտնելու դեպքում մի շարք տնտեսական առավելությունների հնարավոր կորստի մասին: Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեմայով հանրաքվեն հնարավոր է միայն, երբ Երևանը պաշտոնապես կդիմի Եվրոպական միությանը կամ երբ երկիրը կստանա թեկնածուի կարգավիճակ:

2025 թվականի հունվարին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Եվրոպական միությանը երկրի անդամակցության գործընթաց սկսելու օրինագծին:

Մայիսի վերջից և հունիսի սկզբից Մոսկվան արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։ Հուլիսի 27-ից սահմանափակվել էր նաև կաթնամթերքի ներմուծումը ՌԴ։

 

Leave a Comment