Ասիական կիսահաղորդչային ոլորտի ընկերությունների բաժնետոմսերը զգալի անկում են գրանցել։ Տարածաշրջանում ամենախոշոր կորուստները կրել է Հարավային Կորեան, քանի որ ներդրողները վերանայում են արհեստական բանականության ենթակառուցվածքներում կատարվող ներդրումների չափազանց բարձր գնահատականները։ Շուկայի վրա բացասաբար են ազդել նաև ոլորտի ֆինանսավորման հեռանկարների շուրջ աճող մտահոգություններն ու Չինաստանի կողմից ուժեղացող մրցակցությունը։
Հիշողության միկրոչիպերի արտադրության առաջատար «Samsung Electronics»-ի և «SK Hynix»-ի բաժնետոմսերն ընկել են համապատասխանաբար 13,4% և 14%-ով՝ խորացնելով Սեուլի ֆոնդային շուկայի անկումը։ Այս երկու ընկերությունները միասին կազմում են KOSPI հիմնական ինդեքսի գրեթե կեսը, որն ընդհանուր առմամբ նվազել է շուրջ 9,4%-ով։
Ճապոնական ֆլեշ-հիշողության չիպեր արտադրող «Kioxia Holdings»-ի բաժնետոմսերը կորցրել են գրեթե 18% արժեք, իսկ թայվանական միկրոչիպեր նախագծող «MediaTek»-ի բաժնետոմսերը առավոտյան առևտրի ընթացքում նվազել են ավելի քան 9%-ով։
Միաժամանակ, ԱՄՆ շուկայում «SK Hynix»-ի բաժնետոմսերը նախորդ առևտրային օրը փակվել են 7,5% անկմամբ՝ հասնելով 143,02 դոլարի։ Սա առաջին դեպքն է ընկերության՝ այս ամսվա բորսայական դեբյուտից հետո, երբ բաժնետոմսերի գինը իջել է IPO-ի՝ 149 դոլար նախնական գնից։ Այս զարգացումը ցույց է տալիս, թե որքան արագ են փոխվել ներդրողների տրամադրությունները՝ արհեստական բանականության բումի գլխավոր շահառուներից մեկի նկատմամբ։
«Թվում է, թե տեխնոլոգիական հատվածում ձևավորվել է համատարած վաճառքի փուլ, երբ ներդրողները շտապում են դուրս գալ շուկայից՝ հետևելով Nasdaq-ի անկմանը», — նշել է «StoneX»-ի ավագ վերլուծաբան Մեթ Սիմփսոնը։ Նրա խոսքով՝ ներկայումս Ասիայի շուկաների տրամադրությունները թելադրում է KOSPI-ն, և ընդհանուր պատկերը լավատեսության հիմքեր չի տալիս։
