Նավթավերամշակման գործարան Հայաստանում. արդյո՞ք Իրան – Հայաստան համագործակցությունը կկայանա

Նավթավերամշակման գործարան Հայաստանում. արդյո՞ք Իրան - Հայաստան համագործակցությունը կկայանա

Իրան-Հայաստան էներգետիկ համագործակցությունը նոր փուլ է մտնում. ի՞նչ հնարավորություններ և ռիսկեր կանԻրան-Հայաստան էներգետիկ համագործակցությունը շարունակում է ընդլայնվել։ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» գործող ծրագրին զուգահեռ քննարկվում են նոր ենթակառուցվածքային նախագծեր, այդ թվում՝ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի ավարտը, գազի մատակարարումների ընդլայնումը, Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը, ինչպես նաև նավթավերամշակման գործարանի ստեղծման հնարավորությունը։

Տնտեսագետ Կարեն Սարգսյանի գնահատմամբ՝ այս ծրագրերը կարող են էականորեն բարձրացնել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը։ «Սա Հայաստանի էներգետիկ անվտանգությունն էլ ավելի կամրապնդի, քանի որ սա և՛ դիվերսիֆիկացիայի, և՛ էլեկտրաէներգիայի արտահանման, և՛ գազի մատակարարումն ընդլայնելու խնդիր է, ինչը, կարծում եմ, Հայաստանին տնտեսական առումով բավական շահավետ կլինի»։

Ըստ տնտեսագետի՝ երկարաժամկետ նպատակներից մեկը տարածաշրջանային միասնական էներգետիկ համակարգի ձևավորումն է, որը կկապի Իրանը, Հայաստանը, Վրաստանն ու Ռուսաստանը՝ ապահովելով էլեկտրաէներգիայի փոխադարձ հոսքերը։ Նախատեսվող ծրագրերի իրականացմամբ, Սարգսյանի խոսքով, հետաքրքրված է հենց իրանական կողմը։ Նրա գնահատմամբ՝ ֆինանսավորման աղբյուրների պակաս չի լինի, քանի որ նախագծերը տնտեսական մեծ ներուժ ունեն և կարող են ներգրավել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումներ։ Քննարկվող նախաձեռնությունների շարքում է նաև Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցման հնարավորությունը։ «Դա Իրանի համար ևս շահավետ է՝ հաշվի առնելով, որ տարածաշրջանում նրա որոշակի մեկուսացվածությունը սրանով ևս կարող է փոխհատուցվել»։

«Եթե Իրանը գործնական քայլերով հաստատի իր պատրաստակամությունը, ապա նման նախագիծը միանգամայն իրատեսական է», – ասում է Սարգսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի տարածքում նավթավերամշակման արտադրության ստեղծումը կարող է փոխշահավետ լինել թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրների համար՝ ձևավորելով վառելիքի մատակարարման նոր աղբյուր։ Տնտեսագետը նշում է, որ մատակարարումների բազմազանեցումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև վառելիքի շուկայի վրա։

Ինչ վերաբերում է Իրանի նկատմամբ գործող արևմտյան պատժամիջոցներին, տնտեսագետը կարծում է, որ դրանք կարող են որոշակի ռիսկեր ստեղծել, սակայն տարածաշրջանային խոշոր նախագծերը դժվար է պատկերացնել առանց Իրանի մասնակցության։ Սարգսյանի համոզմամբ՝ Հայաստանի և Իրանի համագործակցության ընդլայնումը լուրջ խնդիրներ չի առաջացնի նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Նրա խոսքով՝ էներգետիկ միջանցքի գաղափարը կարող է նույնիսկ լրացուցիչ համագործակցության հնարավորություն ստեղծել Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի և Իրանի միջև։ Այս պահին երկու երկրների համագործակցության առանցքը շարունակում է մնալ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» գործող մոդելը, որը, տնտեսագետի գնահատմամբ, փոխշահավետ է։ Սակայն դրա հետագա ընդլայնման համար անհրաժեշտ կլինի զարգացնել նաև գազատարի թողունակությունը։

«Ընդհանուր առմամբ՝ սա կարող է լուծել էներգետիկ համակարգի գործարկման հետ կապված տեխնիկական որոշակի խնդիրներ։ Եթե հարցը դիտարկենք ավելի գլոբալ առումով, ապա սա լինելու է ընդհանուր էներգետիկ ցանց Հայաստանի, Իրանի, իսկ հետագայում՝ նաև Վրաստանի ու Ռուսաստանի միջև, ինչի շնորհիվ էներգիայի արտահանման հետ կապված խնդիրները կարող են էլ ավելի հեշտությամբ լուծվել․ այս ցանցի միջոցով Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա արտահանել նաև այլ երկրներ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment