Իրանը շարունակում է հարվածել այն կետերին, որտեղից սպառնալիք է զգում. Մելքոնյան

Իրանը շարունակում է հարվածել այն կետերին, որտեղից սպառնալիք է զգում. Մելքոնյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է Իրանի վրա հարձակումները՝ դիվանագիտությանը տեղ թողնելու համար,- հայտնում է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։

Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։

-ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է Իրանի վրա հարձակումները՝ դիվանագիտությանը տեղ թողնելու համար։ Ի՞նչ կարելի է հասկանալ այս հայտարարությունից. արդյո՞ք ԱՄՆ-ն փոխում է իր մոտեցումն Իրանի նկատմամբ։

-ԱՄՆ-ում կան տարբեր մոտեցումներ, թե ինչու Թրամփը որոշեց ժամանակավոր դադար առնել։ Պատճառ համար մեկ՝ հակահրթիռների քանակը գնալով նվազում է։ Այսինքն՝ Միացյալ Նահանգներն այլևս բավարար ունակություն չունի պաշտպանելու և՛ իր օբյեկտները, և՛ դաշնակիցների ենթակառուցվածքները։ Կան հրթիռներ, որոնք արժեն 8 միլիոն դոլար, ըստ տարբեր հաշվարկների, և դրանց քանակը գնալով նվազում էր։ Եթե նայենք հաշվետվությունը, կտեսնենք, որ արդեն սպառվում էին։ Հետևաբար, այս կոնտեքստում Միացյալ Նահանգները պիտի ընտրի, թե որ թիրախները պաշտպանի առաջնահերթության ցուցակում։ Սա նշանակում է, որ նրանք, ովքեր այդ ցուցակում չեն գտնվում, թիրախավորված կլինեն Իրանի կողմից, և բավականին մեծ վնաս կլինի։ Երկրորդ պատճառն այն է, որ, գուցե, ԱՄՆ-ի որոշ շրջանակներ հասկացան, որ ավելի ճիշտ կլինի այս միջոցներն աննպատակ չօգտագործել։ Եվ ինչպես ես եմ հասկանում Միացյալ Նահանգների կողմից այս էսկալացիայի նպատակը, ակնհայտ է, որ Իրանը մասնատելը, պառակտելը չէ, այլ Պարսից ծոցում, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցում ստատուս քվո հաստատելը։ Եվ երրորդ՝ ինձ չի թվում, թե նպատակն է հասնել բանակցությունների, այլ՝ ամրապնդել դիրքերը բանակցային սեղանի շուրջ, երբ նոր հանդիպում տեղի ունենա։ Սրանք իրենց հնարավոր նպատակներն են կամ շարժառիթները, թե ինչու են Միացյալ Նահանգներն այսպիսի քայլի դիմել։

Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ նախագահը «միշտ էլ հասկացրել է, որ նախընտրում է դիվանագիտությունը»։ Այս հայտարարությունն ինչպե՞ս կարելի է գնահատել՝ հաշվի առնելով նախորդ ռազմական գործողությունները։

Տեսեք, շատ դժվար է հավատալ նմանատիպ հայտարարություններին, երբ ԱՄՆ-ն երկու անգամ հարվածեց Իրանին բանակցային գործընթացի ընթացքում։ Երբ բանակցություններ են ընթանում, ու դու հարվածում ես դրանց, հետո հայտարարում, թե «մենք միշտ նախընտրում ենք դիվանագիտությունը», մեկը մյուսի հետ չի համընկնում։ Այլ հարց է, որ իրենք կնախընտրեն բանակցային ճանապարհով հաստատել նոր ստատուս քվո․ ինչո՞ւ ոչ, սրա հետ կարող եմ համաձայնվել, բայց սա կարող է լիովին ճիշտ լինել ընդամենը մեկ օղակի՝ որոշում կայացնողի համար։ Որովհետև մենք գիտենք, որ բևեռացում է տեղի ունենում, երբ խոսքը գնում է Իրանի դեմ պատերազմը շարունակելու կամ չշարունակելու մասին։ Եվ գուցե, այո, մի խմբի համար սա ճիշտ է, որ պիտի գնան, բանակցեն ու պայմանավորվեն։ Բայց կա խումբ, որը վստահ է, որ քանի դեռ ուժ չի կիրառվել, որևէ պայմանագիր հնարավոր չի լինի ստորագրել։

13 օր շարունակված փոխադարձ հարվածներից հետո ԱՄՆ-ն դադարեցրել է ռմբակոծությունները, իսկ Իրանը չի թիրախավորել տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներին։ Կարելի՞ է սա դիտարկել որպես լարվածության նվազեցման առաջին քայլ։

Դե, դե-ֆակտո, այո։ Զինադադարը տեղի է ունենում նույնիսկ առանց հայտարարության․ այո, սա դեէսկալացիայի քայլ է։ Բայց, առաջինը՝ ո՞րն է նպատակը․ արդյո՞ք գնալ բանակցային սեղանի շուրջ և պայմանավորվել, թե՞ նպատակը վերազինվելն է։ Երկրորդ խնդիրը․ մենք տեսնում ենք, որ, այո, Իրանն ընդունել է զինադադարը, բայց մասամբ, որովհետև Իրանը շարունակում է հարվածել այն կետերին, որտեղից ինքը սպառնալիք է զգում, կամ որտեղից արդեն սպառնալիքը տեղի է ունեցել։ Խոսքը գնում է Իրաքյան Քրդստանի և տարբեր ենթակառուցվածքների մասին։ Հիմա Իրանի համար կարևոր է հնարավորինս նվազեցնել սպառնալիքների աղբյուրները և ԱՄՆ-ի ու Իսրայելի կարողություններին ավելի ակտիվ ու ճշգրիտ հարվածներ հասցնելը։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment