Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգել կնոջը. գերու փաստաբանը դիմել է Ալիևին

Ադրբեջանական բանտում արդեն վեց տարի պահվող Հայաստանի քաղաքացի Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակը վերջին ամիսներին կտրուկ վատացել է, հայտնել է նրա կինը՝ Հրանուշ Մկրտչյանը։

Մկրտչյանի փաստաբան Լուսիանա Մինասյանը դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նրան կնոջ հետ խոսելու հնարավորություն տալու պահանջով։

Փաստաբանը հայտնել է, որ մեկ ամսից ավելի ժամանակ է անցել Մկրտչյանի ու տիկնոջ վերջին խոսակցությունից։

«Վերջին անգամ Հրանուշ Շահբազյանը ամուսնու ձայնը լսել է հունիսի 19-ին»,- նշել է նա։

Մկրտչյանի խոսքով, թեև Ադրբեջանի իշխանությունները պնդում են, թե կալանավորվածների առողջական վիճակը նորմալ է, ամուսինը վերջին խոսակցության ընթացքում ասում էր, որ շատ վատ է, խոսելիս էլ շնչահեղձ է լինում:

Փաստաբանի խոսքով՝ վերջին զանգի ժամանակ ամուսինը ասել է նրան, որ իրեն այնքան թույլ է զգում, որ ուշաթափվել է և նրան ուղարկել են սրտի հետազոտության։

«Ո՛չ մի ախտորոշում։ Ո՛չ մի բացատրություն։ Եվ այդ ժամանակվանից ի վեր լիակատար լռություն է։
Նա ​​56-ամյա տղամարդ է, որն արդեն գրեթե վեց տարի անցկացրել է Բաքվի բանտում»,- շեշտել է փաստաբանը։

Փաստաբանը տեղեկացրել է, որ Լյուդվիգի արյան ճնշումը գրեթե կրկնապատկվել է նորմայից, տարածված բորբոքում ունի, սրտի ծանր վնասվածք (ձախ փորոքի հիպերտոնիա, դիաստոլիկ դիսֆունկցիա, աորտայի անբավարարություն)։

Մինասյանի խոսքով՝ մեկ զանգը գերուն ազատ չի արձակի, բայց թույլ կտա կնոջը լսել, թե արդյոք ամուսինը ողջ է և գիտակից։

«Սա մարդկային արժանապատվության բացարձակ նվազագույնն է։ Ես անհապաղ և հրապարակավ խնդրում եմ Ադրբեջանի իշխանություններին՝ պարոն նախագահ Ալիև, թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել իր կնոջը՝ Հրանուշ Շահբազյանին»,- եզրափակել է նա։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին առաջնորդները 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին  20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատ արձակման հնարավորությունը։

 

Leave a Comment