Մեկ ամիս առաջ Բաքվից զանգահարելուց հետո ռազմագերի Մկրտչյանն անհետացել է. փաստաբան

Լյուդվիգ Մկրտչյանի ընտանիքին շտապ անհրաժեշտ է կապ հաստատել նրա հետ։ Մեկ ամիս առաջ հայրենակիցն ընդամենը մեկ անգամ զանգահարել է Բաքվից, որից հետո նրա հետ կապն ամբողջությամբ ընդհատվել է։

Վերջին հեռախոսազրույցի ընթացքում նա պատմել է առողջական լուրջ խնդիրների մասին. կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց՝ հետազոտման, սակայն ուշագնացության պատճառներն ու ճշգրիտ ախտորոշումն այդպես էլ չեն հայտնել։ Այս մասին X սոցիալական ցանցում տեղեկացրել է SOAR կազմակերպության ղեկավար, միջազգային փաստաբան Լուսիանա Մինասյանը։

«Նրա վիճակը գնալով վատթարանում է, իսկ ընտանիքը տագնապով ու անհանգստությամբ սպասում է գոնե մեկ լուրի։ Չկա՛ ոչ մի ախտորոշում, չկա՛ն պարզաբանումներ, իսկ այդ զանգից հետո տիրում է կատարյալ լռություն։ Լրացուցիչ մեկ հեռախոսազանգը չի ազատի և չի բուժի Մկրտչյանին, բայց կնոջը հնարավորություն կտա իմանալու՝ արդյոք իր ամուսինը ողջ է և գիտակից վիճակում է», — ընդգծել է Մինասյանը։

Ավելի վաղ փաստաբանը հրապարակել էր բժշկական փաստաթղթեր, որոնք հաստատում են Մկրտչյանի առողջական ծանր վիճակը։ Նա դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ կոչ անելով անհապաղ ապահովել անկախ բժիշկների այցելությունն ու ցուցաբերել շտապ բժշկական օգնություն։

Leave a Comment