ՊԵԿ-ը հայտնել էր, որ Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջե է վճարվել ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 123 միլիարդ 824 միլիոն դրամով կամ շուրջ 12.6 տոկոսով։
Radar Armenia-ն ներկայացնում է այս տարվա առաջին կիսամյակի խոշորագույն հինգ հարկատուներին։
Ամենամեծ փոփոխությունը գրանցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը մեկ տարվա ընթացքում վեցերորդ հորիզոնականից բարձրացել է առաջին տեղ։ Ընկերության հարկային վճարումները 20.4 միլիարդ դրամից աճել են մինչև 41.6 միլիարդ դրամ։
Երկրորդ տեղում «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունն է, որը նախորդ տարվա առաջին կիսամյակի առաջատարն էր։ Այս տարի ընկերությունը պետական բյուջե է վճարել 38.2 միլիարդ դրամ։
Երրորդ հորիզոնականում «Արդշինբանկն» է, որը նախորդ տարվա չորրորդ տեղից բարձրացել է մեկ հորիզոնական՝ հարկային վճարումներն ավելացնելով 28.0 միլիարդ դրամից մինչև 33.6 միլիարդ դրամ։
Առաջին հնգյակում տեղ են գտել նաև «Գազպրոմ Արմենիան» և «Գրանդ Տոբակոն»։ «Գազպրոմ Արմենիան» նախորդ տարվա երրորդ տեղից նահանջել է չորրորդ հորիզոնական՝ չնայած հարկային վճարումներն ավելացրել է 28.0 միլիարդից մինչև 31.5 միլիարդ դրամ։ «Գրանդ Տոբակոն» երկրորդ տեղից տեղափոխվել է հինգերորդ հորիզոնական՝ վճարելով 29 միլիարդ դրամ հարկ։
