Գերմանիայում ոստիկանությունը սպանել է Բեռլինում անցկացված «Christopher Street Day» ամենամյա ԼԳԲՏ շքերթի մասնակիցների վրա մեքենայով հարձակում իրականացնելու մեջ կասկածվող անձին։ Դեպքը տեղի է ունեցել քաղաքի արևմտյան հատվածում՝ Շպանդաու շրջանի այգեգործական համալիրի տարածքում։
Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը վնասազերծվել է այն բանից հետո, երբ դանակով հարձակվել է իրավապահների վրա։ Հարձակման հետևանքով մեկ կին զոհվել է, ևս 29 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Հարձակումը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան՝ Թիրգարտեն պարկի հարևանությամբ։ Տեղական ժամանակով մոտ ժամը 22:00-ին սպիտակ ֆուրգոնը մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Այնուհետև, Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինտի խոսքով, հարձակվողը մարդկանց վրա է նետվել սառը զենքով, հավանաբար՝ մաչետեով, և ծանր վնասվածքներ պատճառել մի քանի մարդու։
Դեպքից հետո միջոցառումը դադարեցվել է, իսկ ոստիկանությունը սկսել է հարձակվողի որոնումները։
Կիրակի առավոտյան Բեռլինի ոստիկանությունը, գերմանական օրենսդրության պահանջներին համապատասխան, հրապարակել է կասկածյալի անունը և ազգանվան առաջին տառը՝ Աբդուլ Բ.։ Ավելի ուշ ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինտը հայտնել է նաև նրա ամբողջական ազգանունը՝ Աբդուլ Բալոուտ (Abdul Ballout)։
Բեռլինի ոստիկանությունը պաշտոնապես հաստատել է կասկածյալի մահը։ Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ նա հայտնաբերվել է նույն օրը՝ տեղական ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում, Շպանդաուի այգեգործական տարածքում։
Իրավապահների փոխանցմամբ՝ կասկածյալը դանակով հարձակվել է հատուկ նշանակության ուժերի (SEK) աշխատակիցների վրա, ինչից հետո ոստիկանները նրա նկատմամբ հրազեն են կիրառել։ Ստացած վնասվածքներից նա տեղում մահացել է։
