Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր

Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր

Կիրակի օրը Սիեթլի կենտրոնում անցկացվող սննդի փառատոնի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն երկու մարդ զոհվել է, ևս հինգը, այդ թվում՝ երկու տարեկան մի երեխա, վիրավորվել են։ Քաղաքապետը հայտարարել է, որ կասկածյալը բերման է ենթարկվել:

Կիրակի երեկոյան ոստիկանությունը կոչ է արել մարդկանց խուսափել հանրահայտ «Space Needle» աշտարակի ստորոտի տարածքից, քանի որ իրավապահ մարմինների աշխատակիցները հետաքննում էին հրաձգությունը «Bite of Seattle» սննդի փառատոնում: «Հրաձգության բազմաթիվ զոհեր կան: Սիեթլի կենտրոնում կրակոցներ են հնչել»,- հայտնել է գերատեսչությունը X-ում:

«Seattle Times» թերթը և տեղական «KOMO» հեռուստաալիքը, հղում անելով Սիեթլի հրշեջ ծառայությանը, հայտնել են զոհերի և վիրավորների թվի մասին: Ականատեսները «Times»-ին պատմել են, որ տեղական ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում (Գրինվիչի ժամանակով 01:00-ին) մի քանի կրակոց են լսել:

«Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Սիեթլի կենտրոնում, սարսափելի բռնության արարք էր»,- իր հայտարարության մեջ ասել է Սիեթլի քաղաքապետ Քեթի Ուիլսոնը՝ հավելելով, որ կասկածյալը բերման է ենթարկվել: «Տուժած ընտանիքներն իրենց կյանքի ամենասարսափելի պահն են ապրում, և ամբողջ համայնքը փորձում է հասկանալ, թե ինչպես մշակույթին, շփմանն ու խնդությանը նվիրված հավաքը ավարտվեց հրաձգությամբ»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment