«Թաւշեայ» Թալանչիները…

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Հայաստանի յետընտրական շրջանից սկսեալ ամէնօրեայ լուրեր տարածուեցին առ այն, որ Նիկոլ Փաշինեանի ինչպէս խորհրդարանական, այնպէս էլ կառավարական խմբակի անդամները հրաժարւում կամ ազատւում են զբաղեցրած պաշտօնից: Այդ կարգի լուրերի մաս էր կազմում ԱԺ-ի գործող խօսնակ Ալեն Սիմոնեանի յաջորդ նստաշրջանին խորհրդարանում չլինելու եւ այդ պաշտօնը ներկայ ԱԺ փոխնախագահ Ռուբինեանին զիջելու հանգամանքը: Այս առթիւ, երբ լրագրողները Սիմոնեանին հրաժարուելու մասին էին հարցնում, վերջինս ասաց` մտադիր եմ հանգստանալ հնգամեայ քաղաքական ծա՜նր պարտականութիւնից յետոյ…

Մինչդեռ, այսպէս ասած, օդում կախուած լուրերն այլ պատճառներ էին թուարկում ժողովրդի երեսին թքողի համբաւ «վաստակած» քաղաքական «գործչի» հրաժարականի մասին: Պարզւում էր, թէ թքելուց բացի` նա ունակ է նաեւ «պալատական յեղաշրջում» կազմակերպելու գործում, ու այդ մասին Նիկոլ Փաշինեանը` իբր ԱԱԾ-ից իմանալով, թիւ 1 խմբակիցին «արձակուրդի» է ուղարկել… Ի դէպ, պալատական յեղաշրջման միւս կազմակերպիչն էր յայտարարւում ՔՊ-ի յայտնի օլիկարխ Խաչատուր Սուքիասեանը (Գռզօ):

Այնուհետեւ մէկը միւսի յետեւից հրապարակուեցին Նիկոլ Փաշինեանի յայտնի ու ոչ այնքան անյայտ խմբակիցների անուններ, որոնք տարատեսակ պատճառներով հրաժարւում են զբաղեցրած պաշտօններից, այն էլ` ամբողջ 8 տարի հաւատարմօրէ՜ն շեֆին ծառայելուց յետոյ…

Չմոռանանք ասելու, որ այս ամէնին նախորդում էր մէկ այլ կարգի հրաժարական, որն առերեւոյթ կրում էր ընտանեկան եւ դա «թիւ 1 տիկին» Աննա Յակոբեանի ապահարզանն էր… Ասում ենք` առերեւոյթ, քանզի յիշեալը անպաշտօն, բայց հիմնաւորապէս որպէս այդպիսին պետական-իշխանական խոշոր դրամագլուխների հաւաքագրման եւ օգտագործման պաշտօններ է զբաղեցրել, այսպէս ասած, մարդասիրական ու բարերար գործառոյթների անուան ներքոյ…

ՀԱՐՑ 1.- Ի՞նչ եղան Աննա Յակոբեանի վերահսկողութեան ներքոյ գտնուող այդ խոշոր նուիրահաւաք-բարենպատա՜կ ֆոնտային դրամագլուխները…

ՀԱՐՑ 2.- Պալատական յեղաշրջում կազմակերպելու մէջ ամբաստանուած ու այժմ «ազգօգուտ ծանրագոյն ծառայութիւններից» յոգնա՜ծ ու հանգստանալու մտադրուած Ալեն Սիմոնեանը, որ պետական պիւտճէն մսխելով` հարիւր հազարաւոր տոլարների արժողութեամբ «ծառայողական» մեքենայ էր օգտագործում, «թռնելուց» առաջ կը հրապարակի՞ իր յայտնի թէ գաղտնի, շարժուն թէ անշարժ գոյքի ու նիւթական անհաշիւ կարողութիւնների մասին…

ՀԱՐՑ 3.- Նոյնպէս եւ` Նիկոլ Փաշինեանի մերձաւոր միւս հրաժարեալ պետականաքանդներն ու հայրենածախները. պարգեւավճարների ու տարատեսակ առանձնաշնորհումների անուան ներքոյ «Թաւշեայ» թալանչիները, նոյնինքն` լուացուող փողերի նորագոյն հեղինակները, իրենց փառաբանած Եւրոմիութեան երկրների ո՞ր ապահով դրամատներում են ի պահ դնելու այդ պարգեւավճարները…

Յ. Գ.- Ալիեւը 300 հազար թաթարների «Արեւմտեան Ազրպէյճան» վերադարձի պետաիրաւական հայց է ներկայացրել ՄԱԿ-ին:

Ազրպէյճանն ու Թուրքիան համատեղ, Թրամփի օրհնութեամբ, մտադիր են շուտափոյթ գործարկել «Թրամփի ԹՐԻՓՓ»-ի անուանմամբ` Սիւնիքը Հայաստանից պոկելու յանգեցնող «Զանգեզուրի միջանցքը»…

Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի Տիգրանաշէն ռազմավարական հատուածը Ալիեւին յանձնելու Փաշինեանի մտադրութիւնը` կենսագործման սեմին…

Գագիկ Ծառուկեանն արդէն երկու շաբաթ է, ինչ կալանքի տակ է «փողերի լուացման» մեղադրանքով…

Ինչպէս ասել է հանճարեղը` ՈՂԲԱՄ ԶՔԵԶ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ…

 

 

 

Leave a Comment