Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունն իր խոր հիասթափությունն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ առաջարկվող բանաձևը Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթ) քվեարկության դրվելիք հարցերի ցանկից դուրս թողնելու առնչությամբ, ասված է Պատրիարքության տարածած հայտարաությունում։
Պատրիարքությունը մտահոգություն է հայտնել, որ օտար պետությունը կարող է ազդել Իսրայելի ներքին հարցերի քննարկման վրա, հատկապես երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանին, որը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120 հազար տեղաբնիկ քրիստոնյա հայերի բռնի տեղահանման համար։
«Մեզ համար հատկապես տարակուսելի է, որ Ալիևի վարչակարգը, ըստ երևույթին, ի վիճակի է ազդելու թե՛ իսրայելացի պաշտոնատարների քաղաքական հաշվարկների և թե՛ այն բարոյական հարցերի վրա, որոնք Քնեսեթը պատրաստ է քննարկելու։ Քնեսեթի օրենսդրական օրակարգն ու քննարկումները հարցեր են, որոնք պետք է մնան Իսրայելի Պետության ինքնիշխան պատասխանատվության ներքո», – ասվում է հայտարարության մեջ։
Պատրիարքարանն ընդգծել է, որ Քնեսեթի օրենսդրական օրակարգը պետք է մնա Իսրայելի ինքնիշխան պատասխանատվության շրջանակներում։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի պատմական փաստ է, որի ճանաչումը չպետք է կախված լինի քաղաքական հանգամանքներից, և Իսրայելը պետք է պաշտոնապես ճանաչի այն՝ միանալով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն արդեն ճանաչած 32 պետություններին։
Պատրիարքությունը նաև կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դադարեցնել պատմական փաստերը խեղաթյուրելուն ուղղված քաղաքականությունն ու նախաձեռնությունները՝ նշելով, որ հայ և թուրք ժողովուրդների միջև տևական հաշտեցումը հնարավոր է միայն պատմական ճշմարտության հիման վրա։
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունից հետո Սուրբ երկրում ապաստան է տվել բազմաթիվ վերապրողների և որբերի։ Պատրիարքությունն ընդգծել է զոհերի հիշատակը պահպանելու և նրանց ժառանգությունը սերունդներին փոխանցելու իր պատասխանատվությունը։
«Թող Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժ սուրբ և օրհնյալ մնա բոլոր հայերի սրտերում և համայն մարդկության խղճին մեջ»,– ասվում է հայտարարության վերջում:
Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին միաձայն հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ Արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած բանաձևի նախագծին։ Այն պետք է դրվեր Քնեսեթի քվեարկությանը։ Թուրքական կողմն անմիջապես արձագանքել էր այս նախաձեռնությանը՝ այն համարելով «չարամիտ»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի վերջին, անդրադառնալով հրեական պետության նախաձեռնությանը, նշել էր, որ հայկական կողմն արձագանքելու անհրաժեշտություն չի տեսնում՝ համարելով, որ «Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահերից»։ Հուլիսի 13-ին հունական ProtoThema հրատարակությունը գրել էր, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացման ռիսկով պայմանավորված՝ Իսրայելը կասեցրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնության առաջխաղացման գործընթացը։
2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելը շարունակում է զենքի մատակարարումներն Ադրբեջանին և ցուցաբերում է ռազմատեխնիկական օգնություն։
The Jerusalem Post պարբերականին տված հարցազրույցում Փաշինյանը պատերազմի օրերին հայտարարել էր, որ Իսրայելը զինում է վարձկաններին, որոնք Լեռնային Ղարաբաղում կռվում են Ադրբեջանի կողմից, և իսրայելական իշխանություններին առաջարկել էր հումանիտար օգնությունն ուղարկել ոչ թե Երևանին, այլ հենց նրանց։
