
«Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար,
ՀՊՄՀ Պարավեստի մանկավարժության ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանը ֆեյսբուքյան գրել է․ «Անկախությունից անցել է 35 տարի, սակայն Հայաստանը մինչ օրս չի ունեցել ոլորտային, երկարաժամկետ և պետական մշակութային հայեցակարգ։ Այս բացը հատկապես ծանր է անդրադարձել պարարվեստի վրա, որի զարգացումը երկար տարիներ մնացել է անհատ նվիրյալների, ստեղծագործողների և ինքնազոհ մշակույթի գործիչների ուսերին։
Այս տարիներին պետական ռազմավարության փոխարեն ոլորտը զարգացել է անձնական նվիրումի, հավատքի և հայրենասիրության շնորհիվ։ Ստեղծվել են մեծակտավ գործեր դաստիարակվել են սերունդներ, պահպանվել և աշխարհին են ներկայացվել հայկական պարի գանձերը՝ հաճախ առանց համակարգված պետական աջակցության։
Մինչ աշխարհի բազմաթիվ երկրներում ազգային պարը մշակութային քաղաքականության կարևոր բաղադրիչ է, Հայաստանում այն հաճախ դիտարկվել է որպես առանձին միջոցառումների շարք, այլ ոչ թե ազգային ինքնության պահպանման և մշակութային դիվանագիտության ռազմավարական գործիք։
Ժամանակն է փոխել այս մոտեցումը։ Հայաստանին անհրաժեշտ է պարարվեստի պետական զարգացման հայեցակարգ՝ հստակ նպատակներով, չափելի արդյունքներով և երկարաժամկետ ծրագրերով։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ոչ միայն պահպանել հայկական պարարվեստը, այլև այն դարձնել մեր երկրի մշակութային այցեքարտերից մեկը միջազգային հարթակներում»։