Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել

Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել

Հուլիսի 25-ի լույս գիշերը իսրայելցի ուժայինները Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր շրջաններում իրականացված ռեյդերի ընթացքում ձերբակալել են ահաբեկչական գործունեությանը մասնակցելու կասկածանքով հետախուզվող 70 պաղեստինցու։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը։

«Գիշերվա և առավոտյան ընթացքում ՑԱԽԱԼ-ը, սահմանապահ ոստիկանությունը և Իսրայելի անվտանգության ծառայությունը լայնածավալ հակաահաբեկչական ռեյդեր են իրականացրել Հրեաստանում և Սամարիայում (Հորդանան գետի արևմտյան ափի իսրայելական անվանումը), ձերբակալելով ավելի քան 70 հետախուզվող կասկածյալի։ Բոլոր կասկածյալները փոխանցվել են անվտանգության ծառայություններին՝ հետագա քննության համար»,- ասված է հայտարարության մեջ։

Մամուլի ծառայությունում հավելել են, որ ուժայինները ռեյդերի ընթացքում հարցաքննել են շուրջ 200 կասկածյալի և խուզարկություններ անցկացրել 300 տեղանքում։ Զինվորականները նշել են, որ ձերբակալվածներից ոմանք կասկածվում են արմատական ՀԱՄԱՍ շարժման հետ կապեր ունենալու մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Արևմտյան ափին գտնվող Նաբլուսից ոչ հեռու՝ Հավաթ-Գիլադ իսրայելական հենակետի մոտ, հրաձգությամբ ավարտված բախում էր տեղի ունեցել հրեա բնակիչների և հարևան Թել գյուղի պաղեստինցիների միջև։ Միջադեպի ընթացքում սպանվել էր երկու իսրայելցի։ Բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զոհվածները Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողներ էին։

Նույն օրը ՑԱԽԱԼ-ը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է սկսել Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինյան խոշոր Նաբլուս քաղաքում և դրա շրջակայքում։ Գործողության նպատակն է հայտնաբերել և ձերբակալել Հավաթ-Գիլադ հենակետի մոտ տեղի ունեցած միջադեպին ներգրավված անձանց։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment