Հայաստանում ջրային ոլորտի խնդիրները շարունակում են մնալ ամենահրատապներից։ ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի դիտարկմամբ՝ ոլորտում տարիներ շարունակ ռազմավարական մոտեցում չի եղել, և այժմ առաջնահերթություն է ոչ միայն առկա խնդիրների լուծումը, այլև երկարաժամկետ զարգացման ծրագրի մշակումը․
«Ենթակառուցվածքները հնացած են․ կան բնակավայրեր, որտեղ ընդհանրապես ենթակառուցվածք չկա։ Մեկ այլ հրատապ խնդիր է կեղտաջրերի մաքրման բացակայությունը։ Մեխանիկական մաքրում է արվում, կենսաբանական մաքրումը բացակայում է, և դա ազդում է ջրային ռեսուրսների վրա, հատկապես՝ Սևանա լճի»։
Ջրային կոմիտեի նախագահն ընդգծում է, որ խնդիրներ կան նաև ոռոգման համակարգում։ Կառավարությունը շարունակում է սուբսիդավորել ոռոգման ջուրը, սակայն անհրաժեշտ է ներդնել կառավարման նոր մոդելներ՝ հիմնված մանրակրկիտ ուսումնասիրությունների վրա։
Առանձին ուշադրության կենտրոնում է նաև խմելու ջրի և կոյուղատար համակարգերի մաշվածությունը։
Պաշտոնյայի խոսքով՝ միայն միասնական ռազմավարության մշակմամբ կհասնեն ցանկալի արդյունքի․ այն կներառի թե՛ խմելու, թե՛ ոռոգման ջրի համակարգերը։
Մեկ այլ կարևոր խնդրի մասին․ ինչո՞ւ է մի շարք բնակավայրերում, նաև՝ Երևանի որոշ հատվածներում, խմելու ջուրը մատակարարվում ժամանակացույցով․
«Որովհետև ենթակառուցվածքների պակաս կա, կա ջրագողություն․ ուղիղ խոսենք։ Կա չհասութագրվող ջրի բավականին մեծ ծավալ, և հավաստիացնում եմ՝ ամենօրյա ռեժիմով անջատումներ ենք անում, երբ հայտնաբերում ենք ապօրինի ջրամիացումներ»։
Ղալամքարյանը հիշեցնում է, որ կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև 2031 թվականը Երևանում, Գյումրիում և Վանաձորում ապահովել շուրջօրյա ջրամատակարարում։
Ըստ նրա՝ այս ամռանը, չնայած աննախադեպ շոգին, հաջողվել է պահպանել մայրաքաղաքի ջրամատակարարման գործող գրաֆիկը․
«Թե՛ «Վեոլիա ջուրը», թե՛ ջրային կոմիտեն, թե՛ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, թե՛ փոխվարչապետի գրասենյակը, թե՛ ՏԿԵ նախարարությունը, թե՛ կապալառու շինարար ընկերությունները, միասին լուրջ գործ ենք արել, այդ թվում՝ պետական պարտադիր կապիտալ աշխատանքների առումով, ինչպես նաև նոր ջրաղբյուրների հայտնաբերման և այդ ջրաղբյուրների ջուրը Երևան հասցնելու առումով»։
Վերջին տարիներին հատկապես Երևանի Էրեբունի և Շենգավիթ շրջանների բնակիչները հաճախ դժգոհում են խմելու ջրի որակից։ Ջրային կոմիտեի նախագահը կոչ է անում տարբերել ջրի կոշտությունն ու անվտանգությունը։
Նրա դիտարկմամբ՝ Էրեբունիում և Շենգավիթում ջուրը կարող է ավելի կոշտ լինել, բայց դա չի նշանակում, որ այն վտանգավոր է առողջության համար։
Պաշտոնյայի խոսքով՝ խմելու ջուրն ամեն օր լաբորատոր վերահսկողության տակ է, իսկ որակի ցանկացած շեղման դեպքում գործում է պարտադիր արձագանքման ընթացակարգ։
«Ջուր կա, բայց այն հասցնելու խնդիր կա», — ասում է նա։
Մայրաքաղաքում շարունակվող ակտիվ շինարարության պայմաններում հարց է առաջանում՝ արդյոք ջրային պաշարները կբավարարեն աճող պահանջարկը։ Ջրային կոմիտեի նախագահը վստահեցնում է՝ ջուրը բավարար է, խնդիրն այն հասցնող ենթակառուցվածքներն են․
«Ենթակառուցվածքների բարելավման կապիտալ աշխատանքների ծրագրերն ենք իրականացնում․ տարեկան մոտ 5 միլիարդ դրամի ներդրում ջրային կոմիտեն է անում, մի 5 միլիարդ էլ՝ «Վեոլիան», ու դա շարունակական է: Ամեն տարի այդ 10 միլիարդի ներդրումն անելու ենք։ Ի լրումն, կառավարությունը հիմա դիտարկում է Երևանում և Գյումրիում լրացուցիչ միջոցներ ներդնելու հարցը, որպեսզի քայլ առ քայլ հասնենք 24-ժամյա ջրամատակարարման»։
Նախատեսվում են նաև լրացուցիչ ջրագծերի կառուցման ծրագրեր։
Միաժամանակ, պաշտոնյան ընդգծում է, որ մայրաքաղաքում ջրի զգալի կորուստներ են գրանցվում ինչպես մաշված խողովակների վթարների, այնպես էլ ապօրինի միացումների հետևանքով։
Հայաստանի ջրային ոլորտում խնդիրները տարիներով կուտակված են, սակայն, ըստ կոմիտեի նախագահի, այժմ առաջնահերթությունը համակարգային բարեփոխումներն են։ Նպատակը ոչ միայն ջրամատակարարման բարելավումն է, այլև այնպիսի ենթակառուցվածքների ստեղծումը, որոնք կապահովեն անվտանգ, կայուն և շուրջօրյա ջրամատակարարում երկրի բնակիչների համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
