Բյուրեղավանում խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում կրկնակի վերցված նմուշներից 2-ում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ․ ՀՎԿԱԿ

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացնում է, որ Բյուրեղավան համայնքում 2026 թվականի հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։

Համաճարակաբանական հետազոտության շրջանակում իրականացվել են խմելու ջրի և կենսաբանական նմուշների լաբորատոր հետազոտություններ։

Այս պահին՝

• Նոր հիվանդության դեպքեր չեն արձանագրվել։

•Հիվանդներից 2-ը շարունակում են ստանալ բուժում հիվանդանոցում, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, իսկ մյուսները ապաքինվել են և դուրս գրվել բուժհաստատությունից։

Խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում կրկնակի վերցված նմուշներից 2-ում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ։ Նշված 2 հասցեների բնակիչները տեղեկացվել են, իսկ Բյուրեղավան խոշորացված համայնքի մյուս բնակիչները կարող են օգտվել ծորակի ջրից:

Ընդհանուր կոլիֆորմ մանրէները պայմանական ախտածին մանրէներ են և վկայում են խմելու ջրի հնարավոր աղտոտվածության մասին։ Դրանց առկայությունը կարող է նպաստել աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացմանը:

ՀՎԿԱԿ-ը շարունակում է մշտադիտարկումն ու անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ բնակչության առողջության պահպանման և հնարավոր նոր դեպքերի կանխարգելման նպատակով։

Leave a Comment