Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի կողմից եվրոպական ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքերի սահմանման հիմնավորվածությունը։ Նրա խոսքով՝ անհիմն են այն պնդումները, թե Եվրամիությունում հարկադիր աշխատանքի կանխարգելման և վերահսկողության համակարգը լուրջ թերություններ ունի։
«Եվրամիության մասին նման պնդումներ անել չի կարելի»,- «Reuters»-ի հետ զրույցում նշել է Կալասը։ Նա ընդգծել է, որ եթե համեմատենք Եվրամիության և Միացյալ Նահանգների աշխատանքային օրենսդրությունները, ապա Եվրոպայում աշխատողների իրավունքների պաշտպանությունն ավելի բարձր մակարդակի վրա է։ «Մենք ունենք վճարովի արձակուրդներ, ապահովում ենք լավ աշխատանքային պայմաններ մեր աշխատակիցների համար, ուստի նման մեղադրանքներն արդարացված չեն»,- ասել է նա։
Ուրբաթ օրը Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է 60 առևտրային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության նկատմամբ նոր մաքսատուրքերի սահմանման մասին։ Դրանց չափը կազմում է 10% և 12,5%։ Վաշինգտոնը այս քայլը հիմնավորել է հարկադիր աշխատանքի դեմ սահմանված սահմանափակումների ոչ բավարար պահպանման վերաբերյալ մտահոգություններով։ Որոշումն ընդունվել է այն ժամանակ, երբ ավարտվում էր համաշխարհային մակարդակով կիրառվող ժամանակավոր 10%-անոց մաքսատուրքի գործողության ժամկետը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Եվրամիությունը սպասո՞ւմ էր, որ կհայտնվի ԱՄՆ-ի սահմանած նոր մաքսատուրքերի ցանկում, Կալասն ասել է. «Ո՞վ կարող է հետևել, թե ինչպես են սակագները սահմանվում, փոխվում կամ չեղարկվում։ Ո՛չ, մենք նման զարգացում չէինք ակնկալում»։
