Եվրոպայի հարավում շարունակվող անտառային խոշոր հրդեհների հետևանքով իրավիճակը մնում է ծայրահեղ լարված։
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Ակվիտանիա մարզի Ժիրոնդ դեպարտամենտում, կրակն արդեն ոչնչացրել է 2 հազար հեկտար հողատարածք։ Առավել շատ տուժել է Բորդոյի մոտ գտնվող Լե-Պորժ ափամերձ համայնքը, որտեղ երկինքը կրակի պատճառով դարձել է նարնջագույն:
Տարածաշրջանում հայտարարվել է կարմիր վտանգի մակարդակ, փակվել են բաց անտառային գոտիների հանգստի վայրերը, իսկ անվտանգության նկատառումներով տարհանվել է 12 հազար մարդ։
Միաժամանակ, ողբերգական իրավիճակ է ստեղծվել Իտալիայում․ Սիցիլիայի Սան-Կատալդո քաղաքում հրդեհը մարելիս զոհվել է մեկ հրշեջ, ևս մեկը ստացել է վնասվածքներ։
Կղզու քաղաքացիական պաշտպանության ղեկավար Սալվո Կոչինայի տվյալներով՝ Սիցիլիայում գրանցվել է ավելի քան 350 հրդեհ, որոնցից տասը՝ խոշոր։ Տարածաշրջանի նախագահ Ռենատո Սկիֆանին հայտնել է, որ չնայած շուրջ 6000 հրշեջների ներգրավմանը և ավիացիայի հրդեհաշիջման աշխատանքներին, կղզում դեռևս շարունակում է այրվել շուրջ 50 օջախ, ինչի պատճառով հայտարարվել է զանգվածային տարհանում։
