Էգեյան ծովին մոտ գտնվող Թուրքիայի Մուղլա նահանգի Ֆեթհիյե շրջանի Գյոքչեօվաջըք թաղամասի անտառային տարածքում չպարզված հանգամանքներում խոշոր հրդեհ է ծագել։
Ահազանգը ստանալուց հետո տեղամաս են ժամանել Մուղլայի անտառային տարածքների տարածաշրջանային վարչության և քաղաքապետարանի հրշեջ ծառայության ստորաբաժանումները:
Կրակի մարման գործողություններում ընդգրկվել են 5 ուղղաթիռ, 3 ինքնաթիռ, 15 ջրցան մեքենա, 7 ջրատար, 3 բուլդոզեր, ինչպես նաև 130 հրշեջ-փրկարար։ Անվտանգությունն ապահովելու նպատակով տարածքից տարհանվել է մոտ 10 տուն, իսկ նախնական տվյալներով՝ հրդեհն ավերել է 4 տուն։
Այս պահին հանգցնելու աշխատանքները շարունակվում են։ Թուրքական լրատվամիջոցները դեպքը լուսաբանում են հիմնականում «Էգեյան ծովի թոքերը կրակի մեջ են» վերնագրով։