Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ 200 հազար դրամ վարչական տույժ է կիրառել՝ գույքի և եկամուտների հայտարարագիրը օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է հուլիսի 13-ին։
Հանձնաժողովի տվյալներով՝ Կարապետյանը, որը փետրվարի 27-ից գրանցված է որպես կուսակցության նախագահ և մշտապես գործող ղեկավար մարմնի անդամ, գրավոր ծանուցումներից հետո ևս չի ներկայացրել հայտարարագիրը։ Նրա պաշտպանները պնդել են, որ տնային կալանքի պայմաններում հնարավոր չէր ստանալ հայտարարագրման համար անհրաժեշտ բանկային տվյալները և խնդրել են երկարաձգել ժամկետները կամ կասեցնել վարչական վարույթը։
ԿԿՀ-ն երկու անգամ երկարաձգել է վարույթի ժամկետը, սակայն հետագայում մերժել է այդ փաստարկները՝ նշելով, որ օրենսդրությունը թույլ է տալիս օրենքով նախատեսված պարտականությունների կատարումը նաև տնային կալանքի պայմաններում, իսկ ներկայացուցիչների միջոցով անհրաժեշտ տվյալները ստանալու հնարավորությունը չի օգտագործվել։
Որոշմամբ հանձնաժողովը եզրակացրել է, որ Կարապետյանը չի կատարել հայտարարագիր ներկայացնելու օրենքով սահմանված պարտականությունը և ենթակա է վարչական պատասխանատվության։ Տուգանքը սահմանվել է նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի՝ 200 հազար դրամի չափով։
