ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ այցի ընթացքում որևէ կերպ չի ձերբակալվի՝ արձագանքելով Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի հայտարարությանը, թե քննարկվում է իսրայելցի վարչապետի հնարավոր ձերբակալության հարցը։
«Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում որևէ կերպ չի ձերբակալվի»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իսրայելի վարչապետը «պայքարում է Իրանի դեմ, որը սպանել է 52 հազար անմեղ ցուցարարի և վերջին 47 տարիների ընթացքում սպանել է ամերիկացի զինծառայողների և այլ մարդկանց»։
«Միակ մարդիկ, որոնք պետք է ձերբակալվեն, նրանք են, ովքեր Իրանին հասցրել են մահվան և ավերածությունների աննախադեպ պարույրին»,- հավելել է Թրամփը։
Ավելի վաղ Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարել էր, որ Նեթանյահուն «ռազմական հանցագործ է, որի նկատմամբ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) մեղադրանքներ է առաջադրել»։ Նրա խոսքով՝ «Նեթանյահուի տեղը Հաագայում է»։ Միաժամանակ նա նշել էր, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք Նյու Յորքի ոստիկանությունը կարող է ձերբակալել Նեթանյահուին, եթե նա սեպտեմբերին ժամանի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու համար, սակայն այդ հարցը քննարկվում է քաղաքի իրավապահ մարմինների ղեկավարության հետ։
Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուի ձերբակալության օրդեր էր տվել՝ նրան մեղադրելով մարդկության դեմ և ռազմական հանցագործությունների մեջ՝ Գազայի հատվածում հակամարտության հետ կապված։
2025 թվականի փետրվարին Թրամփը ստորագրել էր հրամանագիր, որով պատժամիջոցներ էին սահմանվում ՄՔԴ-ի նկատմամբ՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի դեմ իրականացվող գործողությունների պատճառով։
ԱՄՆ-ը Ռոմի ստատուտի մասնակից չէ և բազմիցս հայտարարել է, որ չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ։