Ոլորտը կոլապսի եզրին է․ ձկնաբույծների ակցիան՝ Կառավարության շենքի մոտ

Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն ձկան արտահանման արգելքի ֆոնին լարված իրավիճակ է ստեղծվել Կառավարության շենքի մոտ։ Տասնյակ ձկնաբույծներ հավաքվել են՝ պահանջելով հանդիպում փոխվարչապետի և էկոնոմիկայի նախարարի հետ։

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ ոլորտը հայտնվել է կոլապսի եզրին, իսկ պետական մարմինները, ոլորտը չներկայացնող անձանց հետ քննարկումներ անելով, խնդիրը ներկայացնում են լուծված, ինչն իրականությանը չի համապատասխանում։

«Մայիսի 12-ից Ռուսաստանը փակել է հայկական ձկնամթերքի ներկրումը՝ պատճառաբանելով, թե իբր որակյալ չէ կամ ժամանակավոր ստուգումներ են անում։ Բայց մեր ՍԱՏՄ ղեկավարն էլ է փաստել, որ Հայաստանի ձկնամթերքի 97%-ը իդեալական վիճակում է։

Մեզ առաջարկում են եվրոպական շուկա դուրս գալ, բայց մենք այնտեղ մրցունակ չենք։ Եվրոպայում միայն Նորվեգիան 2024 թվականին 1.150.000 տոննա ձուկ է արտահանել։ Մենք ընդամենը 14.000 տոննա արտադրանք ենք տանում Ռուսաստան, ու նույնիսկ այնտեղ էինք զոռով մրցակցում։ Հիմա տանենք Եվրոպա, իրենց տան մեջ իրենց հետ մրցակցե՞նք, ո՞նց եք դա պատկերացնում»,- նշել է նա։

Leave a Comment