Նիկարագուայի նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի

Նիկարագուայի նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի

Նիկարագուայի երկարամյա նախագահ Դանիել Օրտեգան հայտարարել է, որ իրենց երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի։ Սա բացառում է հաջորդ տարի նրա լիազորությունների ժամկետի ավարտից հետո ընտրությունների արդյունքները վիճարկելու հնարավորությունը և էլ ավելի է ամրապնդում այն իշխանությունը, որը նա կիսում է իր կնոջ հետ:

Օրտեգան, որ 2007 թվականից ի վեր անընդմեջ գտնվում է իշխանության ղեկին, հայտարարել է, որ այս քայլը կփակի ցանկացած ճանապարհ ընդդիմության համար, թեև արգելքի իրագործման վերաբերյալ մանրամասներ չի հայտնել:

«Այստեղ այլևս ոչ մի ընտրություն չի լինի, որպեսզի նրանք կարողանան փորձել զավթել իշխանությունն ու կառավարությունը»,- հայտարարել է Օրտեգան։

«Այն օրերը, երբ յանկիների (ԱՄՆ) և սոմոսականների կողմից աջակցվող կուսակցությունները վերադառնում էին իշխանության, անցել են. դա այլևս երբեք չի կրկնվի»,- հավելել է նա վերջին երկու ամսվա ընթացքում իր առաջին հանրային ելույթի ժամանակ:

ԱՄՆ Պետքարտուղարությունը դեռևս չի արձագանքել մեկնաբանություն տալու հարցմանը։ Թրամփի վարչակազմը Օրտեգայի կառավարությունն անվանել է բռնապետություն և պատժամիջոցներ սահմանել Նիկարագուայի ավելի քան 2350 պաշտոնյաների և նրանց հարազատների նկատմամբ:

Նիկարագուայում 2021 թվականի վերջին ընտրությունները լայնածավալ վեճերի տեղիք տվեցին այն բանից հետո, երբ Օրտեգան ձերբակալեց ընդդիմախոսներին ու բիզնեսի առաջնորդներին, ինչպես նաև քրեականացրեց այլախոհությունը:

Անցյալ տարի Օրտեգան էլ ավելի ամրապնդեց իր իշխանությունը մի շարք սահմանադրական բարեփոխումների միջոցով, այդ թվում՝ իր կնոջը՝ Ռոսարիո Մուրիլյոյին նշանակելով «համանախագահ» և նախագահական ժամկետը երկարաձգելով մինչև վեց տարի։

Նա և իր կինը վերահսկում են պետական կառավարման գրեթե բոլոր ոլորտները, ներառյալ զինված ուժերը և դատական համակարգը:

 

Leave a Comment