Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

Իրանի զինված ուժերը հայտարարել են Քուվեյթում ամերիկյան ուժերի տեղակայման երեք ռազմական օբյեկտների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու մասին, հայտնել է Press TV հեռուստաալիքը։

Իրանական կողմի տվյալներով՝ հարվածը հասցվել է «Սաեքե» («Կայծակի հարված») գործողության 19-րդ փուլի շրջանակում։

Տուժածների և հնարավոր վնասի չափերի մասին տեղեկություններ Press TV-ն չի փոխանցել։

Հուլիսի 19-ին իրանական կողմը արդեն հայտնել էր Քուվեյթում ամերիկյան օբյեկտների վրա հարձակումների մասին, որոնց թվում նշվում էին Ալ-Ուդեյրիի ռազմամթերքի պահեստը և Ալի ալ-Սալեմ բազայի հակաօդային պաշտպանության համակարգերը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պնդում էր նաև, որ հարված է հասցրել Քուվեյթի ազգային նավթային ընկերության օբյեկտին։ Նույն գիշերը ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարեց Իրանին հասցված հարվածների նոր շարքի մասին։

Հուլիսի 15-ին ամերիկյան զինվորականները հարձակվել էին Մեծ Թունբ կղզում գտնվող իրանական ափամերձ պաշտպանության ուժերի, պահեստների և թևավոր հրթիռների արձակման կայանքների վրա։ Հուլիսի 18-ին իրանական ուժերը հարվածել էին Բահրեյնում ԱՄՆ-ի «արհեստական բանականության գլխավոր կենտրոնին», հայտարարել էր ԻՀՊԿ-ն։

Դրանից մի քանի օր առաջ Իրանը հայտնել էր միանգամից հինգ երկրներում՝ Քուվեյթում, Հորդանանում, Բահրեյնում, Կատարում և Օմանում ամերիկյան օբյեկտների ուղղությամբ հրթիռային և անօդաչու հարձակումների շարքի մասին։ Քուվեյթում թիրախներ էին հայտարարվել Patriot համակարգը, ռազմամթերքի պահեստը և ռազմական ռադարը։ Այս հարձակումներից հետո ԱՄՆ-ն շարունակել էր հարվածներ հասցնել Իրանի տարածքին։

Leave a Comment