«Samsung Electronics»-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում գործող իր ստորաբաժանումներում, որոնք զբաղվում են հեռախոսների, դիսփլեյների և այլ սպառողական էլեկտրոնիկայի արտադրությամբ։ Կրճատումներն առավելապես ազդել են Նյու Ջերսի և Տեխաս նահանգներում աշխատող անձնակազմի վրա. գրում է Reuters-ը։
Ընկերությունը հայտնել է, որ «Samsung Electronics America»-ի (SEA) գլխամասային գրասենյակը Նյու Ջերսի նահանգի Էնգլվուդ Քլիֆս քաղաքից տեղափոխվում է Տեխաս։ Այս փոփոխության հետևանքով կազդի շուրջ 739 աշխատատեղի վրա։
«Samsung Electronics»-ը նշել է, որ աշխատակիցների մեծ մասին առաջարկվել է տեղափոխվել նոր աշխատավայր, սակայն մի շարք աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերը դադարեցվել են։ Ընկերությունը չի հայտնել, թե քանի մարդ է փաստացի ազատվել աշխատանքից։
Թեև կրճատումները կապված են գլխամասային գրասենյակի տեղափոխման հետ, դրանք նաև արտացոլում են «Samsung Electronics»-ի տարբեր բիզնես ուղղությունների միջև առկա հակադիր միտումները։ Մինչ ընկերության կիսահաղորդիչների արտադրության ստորաբաժանումը շարունակում է գրանցել բարձր շահույթ, սպառողական էլեկտրոնիկայի բիզնեսը դժվարություններ է կրում՝ պայմանավորված չիպերի գների զգալի աճով և դրա հետևանքով ծախսերի ավելացմամբ։
